ԱՄՆ-ի ռազմական աջակցությամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ուկրաինական «Բորիսպոլ» օդանավակայանում, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Նրա խոսքով՝ սա հունվարի վերջից Կիև ժամանած ամերիկացիների յոթերորդ «թռչունն» է։
«Յոթերորդ «թռչունը» վայրէջք կատարեց «Բորիսպոլ»-ում: Այս անգամ՝ 85 տոննա զինամթերք նռնականետների համար։ Հրաշալի նորություն, և ամենակարևորը՝ դա վերջը չէ: Շարունակելի է»,- գրել է Ռեզնիկովը Twitter-ում։
ԱՄՆ-ը զգալիորեն մեծացրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը Ռուսաստանի «ներխուժման» մտավախությունների ֆոնին՝ կապված հարևան պետության սահմանների մոտ ռուսական ուժերի ենթադրյալ ավելացման հետ: Կիևն օգնության առաջին փաթեթը ստացել է հունվարի 22-ի առավոտյան, մինչև փետրվարի սկիզբը ուկրաինական կողմին մատակարարվել է մոտ 500 տոննա պաշտպանական ռազմական սարք՝ խոսքը զինամթերքի և սպառազինության որոշ տեսակների մասին է։