Օրեգոնի Առողջության և գիտության համալսարանի հետազոտողները պարզել են, որ պատվաստումից հետո կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված և ապաքինված մարդիկ կարող են «գերիմունիտետ» ձեռք բերել COVID-19-ի ապագա տարբերակների դեմ, հաղորդում է Business Insider-ը։
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ բեկումնային վարակից հետո, երբ մարդը հիվանդանում է չնայած կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելուն, հնարավոր է «գերիմունիտետ» ձեռք բերել։
Նշվում է, որ պատվաստում ստացած անձանց օրգանիզմում առաջացած հակամարմինների որակը շատ ավելի բարձր է եղել։
«Բարձր է ոչ միայն հակամարմինների մակարդակը, այլև վիրուսի տարբեր տարբերակները չեզոքացնելու դրանց կարողությունը»,- ասել է գիտնական Ֆիկադու Տաֆեսեն:
Նա նշել է, որ գիտնականները գտնում են, որ նման իմունիտետ ունեցող մարդիկ նաև կորոնավիրուսից պաշտպանվածության բարձր մակարդակ կունենան, սակայն ընդգծել է, որ COVID-19-ը շարունակում է անկանխատեսելի մնալ: