Տաջիկստանում հունվարի 18-ին վարժանքներ են սկսվել ռուսական 201-րդ ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների 1000 զինծառայողի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Զորավարժությունները տեղի կունենան Լյաուր և Սամբուլի լեռնային զորադաշտերում։ Միջոցառման ընթացքում զինվորականները տարածքը կպաշտպանեն պայմանական թշնամուց և կհարձակվեն նրա վրա հետախուզական-հարվածային և կրակային համակարգերի միջոցով։ Օդից նրանց կաջակցի հրետանին և բանակային ավիացիան։
Բացի այդ, զինծառայողները կրակահերթեր կիրականացնեն բոլոր տեսակի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից, նաև մարտական մեքենաների սպառազինությունից՝ ենթադրյալ «թշնամու» անվավոր և թրթուրավոր տեխնիկայի, ինչպես նաև կենդանի ուժի ուղղությամբ։