Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհեր ու վիրավորներ ունենք, իսկ ղազախափրկիչ «սուպերմեն» Նիկոլ Փաշինյանը լուռ է, լուռ է նրա՝ ասֆալտի գծով Պաշտպանության նախարարը, հավանաբար դեռ իր 21-ամյա օգնականի օգնությանն է ապավինում: Լուռ է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը բավարարվել է Ռազմիկ Դավոյանի մասին ցավակցական հաղորդագրությամբ ու հավանաբար զբաղված է Ղազախստանի իր բիզնեսների ճակատագրով:
Ու այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը ԱԹՍ-ով սպանում էր մեր տղաներին, Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունենում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, ցավակցություն հայտնում Ղազախստանում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Իսկ մեր վիրավորներին ու զոհերին ցավակցություն հայտնող չկա, որովհետև Ալիևը գուցե զայրանա, եթե խաղաղության դարաշրջան բացողները բարձրաձայնեն նրանց մասին, գրպանի օլիգարխի ավիաընկերության՝ Ստամբուլ թռիչքները կչեղարկվեն, կամ «Սոկարի» կապույտ բենզինը հնարավոր չլինի «նաղդել» Հայաստանում:
Հայաստանը մենակ է մնացել, քանի դեռ այս իշխանությունները թեկուզ փոքր աջակցություն ունեն երկրի ներսում, քանի դեռ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը խոր քնած է, իսկ Չավուշօղլուն հայտարարում է, որ Արարատ Միրզոյանի հետ ընկերներ են դարձել:
Արեգ Արևյան