Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ասել է, որ իր թիմի ստեղծած զրուցարանը գաղտնիության երաշխիքներ է տրամադրում իր օգտատերերին՝ ի տարբերություն այլ հավելվածների, ինչպիսին Whatsapp-ն է։ Այս մասին նա գրել է իր անձնական ալիքում։
«Զեկույցը հաստատեց, որ Telegram-ը հաղորդագրությունների ուղարկման այն քիչ հավելվածներից է, որը չի խախտում իր օգտատերերի վստահությունը։ Ես չեմ զարմանում։ Այլ հավելվածների մեծ մասը չեն կարող երաշխավորել իրենց օգտատերերի գաղտնիությունը, նույնիսկ եթե ցանկանան»,- ասել է ձեռնարկատերը:
Դուրովը բացատրել է, որ զրուցարանը մշակողները, ովքեր ապրում են ԱՄՆ-ում, ստիպված են ամերիկյան իշխանությունների խնդրանքով հավելվածներում ներդնել սարքի հասանելիության ալգորիթմներ։ Ավելին, եթե ծրագրավորողը հրապարակավ հայտարարի այդ մասին, նա կարող է բանտարկվել։
Դուրովի խոսքով՝ ԱՄՆ-ում նման հավելվածներից օգտվողների անձնական տվյալներ ստանալու համար նույնիսկ դատարանի որոշում չի պահանջվում։ Նա նաև նշել է, որ որոշ զրուցարաններ, որոնք համարվում են անվտանգ, ինչպիսիք են Signal-ը և Anom-ը, ի սկզբանե ֆինանսավորվել են ԱՄՆ իշխանությունների կողմից:
Ձեռնարկատերը հավելել է, որ Telegram-ի ամերիկացի մրցակիցները հիասթափված են, որ չեն կարող պարծենալ լսարանի նույն աճով՝ չնայած մարքեթինգի վրա լուրջ ծախսերին: Օգտատերերի կողմից նույն վստահությունը շահելու համար նրանք նախ պետք է իրենց գործողությունները համապատասխանեցնեն մարքեթինգային խոստումներին:
«Մինչ այդ տվյալների արտահոսքը և դրանց հավելվածների անվտանգության հետ կապված խնդիրները, ցավոք, անխուսափելի կլինեն», - եզրափակել է Դուրովը: