Գևորգը ծնվել է Ալավերդի քաղաքում։ Հաճախել է տեղի դպրոցը։ 16 տարեկան հասակում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաք և սովորել տեղի Դաշնային Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 4 տարի ուսանելուց հետո Գևորգը չի ցանկանում այդ պահին ուսումը շարունակել մագիստրատուրայում, այլ ցանկանում է ծառայել հայոց բանակում հետո շարունակել ուսումը։ Գևորգը, ունենալով ռուսական բանակում ծառայելու հնարավորություն, հրաժարվում է դրանից և ցանկություն հայտնում ծառայել հայրենիքի համար։ Նա օնլայն տարբերակով և հեռախոսի օգնությամբ կարգավորում է փաստաթղթայի խնդիրները և գրանցվում հայկական զինկոմիսարիատում։ Ավարտական երեկոյից հետո տեղափոխվում է Հայաստան, ուսումը շարունակում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և ստանալով սպայական ուսադիրներ՝ մեկնում Արցախ՝ հայրենիքի պարտքը կատարելու։
2020թ-ին Գևորգը արդեն 1 տարվա ծառայող էր Պաշտպանության բանակի Մատաղիսի զորամասում, կրակային աջակցության դասակի հրամանատար էր, ուներ ընկերուհի, ում հետ պատրաստվում էր նշանադրվել ծառայությունը ավարտելուց հետո, բայց չհասցրեց։ Նա իր մեկ տարվա աշխատավարձը կուտակել էր և իր համար մեքենա գնել, որը ընդամենը 1 ամիս վարեց։
Պատերազմը սկսվելու օրը Գևորգը գտնվում էր արձակուրդում (համավարակի պատճառով երկար ժամանակ չէր կարողացել արձակուրդ գնալ) և մինչև հոկտեմբերի 13-ը պետք է արձակուրդում լիներ, բայց պատերազմի պատճառով Գևորգի հանգիստը ընդհատվեց։
Նա մեծ ցանկություն ուներ ուսումը շարունակել Ոստիկանական ակադեմիայում։
Oragir.news-ի հետ զրույցում Գևորգի քույրը պատմեց․ «Հայրս ոստիկանության փոխգնդապետ է, և այս փաստը, ինչպես նաև հորս՝ փոխգնդապետի ուսադիրները պատճառ էին դարձել, որ Գևորգի մեջ մեծ սեր առաջանար դեպի սպայական ուսադիրները։ Գևորգը հորս ուսադիրները պահում էր իր մոտ, նրա զոհվելուց հետո մենք այդ ուսադիրները գտանք նրա մոտ։ Իր նամակներից մեկում Գևորգը, կանխազգալով գալիքը, խնդրել էր, որ այդ ուսադիրները իր հետ հուղարկավորենք։
Գևորգի համար խորհրդանշական էր 409-ը թիվը, այդ իսկ պատճառով, որոշել էր՝ հեռախոսահամարի, մեքենայի համարի մեջ անպայման պետք է լիներ այդ թիվը։ Նրա անձնագրի ստորագրությունն էլ էր 409-ը։ Այդ թիվը նրա համար դարձավ ճակատագրական, քանի որ զոհվեց ծառայության 409-րդ օրը։ Նա իր նամակներից մեկով մեզ պատգամում էր՝ ամեն տարի 04․09-ին այցելենք իր գերեզմանին»։
Քույրը պատմում էր նաև, որ կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, որոշել էին ընտանիքով հավաքվել հայրական տանը․ «Գևորգը հայրիկիս խնդրել էր խորոված պատրաստել, ինձ՝ թխվածք»։ Բայց պատերազմի լուրը նրանց պլանները խառնեց։
«Զինվորները Գևորգին կապ են տվել և ասել․ «Կոմանդոս, հասի», (Գևորգին զինվորները Կոմանդոս էին ասում)։ Եվ այդպես Գևորգը գնաց պատերազմ, և մենք չկարողացանք նրան հետ պահել։ Նա չհասցրեց ուտել իմ ձեռքով պատրաստած խմորեղենը։ Գևորգն ինձ ասաց․ «դու խմորեղենը հասցրու մերոնց տուն, ես գնում եմ պատերազմ»»,- նշեց Գևորգի քույրը։
Գևորգի քույրը պատմեց նաև, որ Գևորգին աշխատանք են առաջարկել Պաշտպանության նախարարությունում, բայց նա հրաժարվել էր, քանի որ ուզում էր դառնալ ոստիկան և կրել հոր ուսադիրները։ Նրա երազանքներից էր նաև աշխատանքի անցնել ԱԱԾ-ում, բայց նրա երկքաղաքացիությունը խանգարեց և չկարողացավ հասնել իր երազանքին։
Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի արխիվներում դեռ պահպանվում է Գևորգի գրած շարադրությունը, որտեղ նա ասում է․ «Իմ ներքին ձայնն ինձ կանչում է, որ տամ պարտքս, խեղդեմ կարոտս և լինեմ այնտեղ, որտեղ պետք է լինեմ»։
Սեպտեմբերի 28-ի առավոտյան Գևորգը արդեն գտնվում էր իր մարտական դիրքում։
Քույրը պատմում է նաև, որ Գևորգի մասին ծառայակից ընկերները շատ հետաքրքիր պատմություններ են հիշում և՛ պատերազմի ընթացքում տեղի ունեցած, և՛ դրանից առաջ։ «Ծառայակից զինվորներից մեկը պատմում էր, թե ինչպես էր Գևորգը նահանջ հրամանի ժամանակ արագ հավաքում զրահաբաճկոնները և զենքերը՝ ասելով․ «Այս ամենը իմ պատասխանատվության տակ է, և մենք իրավունք չունենք թողնել ու հեռանալ»։ Գևորգը չի պատկերացնում, որ իր զորամասին կարող են տեր դառնալ թշնամիները այդ միտքը նրան հանգիստ չի տալիս։ Նա նահանջի ընթացքում որոշում է վառել զորամասը, որպեսզի չմնա թշնամուն»։
Գևորգը զոհվել է հոկտեմբերի 9-ին Մատաղիսի ձոր կոչվող հատվածում գլխին բեկորային վնասվածքից՝ փրկելով իր ծառայակցի կյանքը։ Գևորգը զոհվելու օրը իր սաղավարտը փոխանցել էր 18 տարեկան Յուրային՝ ասելով․ «Դիր գոնե դու կփրկվես»։
Լիլիթ Հարությունյան