Այս իշխանությունը բոլոր առումներով կոմպետենտ չէ. քաղաքագետ
copy image url

Այս իշխանությունը բոլոր առումներով կոմպետենտ չէ. քաղաքագետ

Խոսք 3 տարի առաջ - 11:48 28-12-2021

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտում է` միայն Արցախի իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Արցախի նախագահը նման հայտարարություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օրերս արտահայտած «Արցախն ամբողջությամբ հայկական մնալ չէր կարող» խոսքի համատեքստում:

Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է:

Փաշինյանը նման հայտարարություն էր արել՝ ասելով, թե 2018-ին` վարչապետի պաշտոնը ստանձնելիս, ասել է, որ առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով` Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորությունները։

Փաշինյանի իրարամերժ ու տրամաբանական որևէ կապով միմյանց հետ չկապվող հայտարարությունները Oragir.news-ը քննարկել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։

«Արցախյան հակամարտության լուծման շուրջ բանակցությունների ու Արցախի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իսկապես վրդովմունքի ալիք են բարձրացրել Արցախում»,- իր խասքն այսպես սկսեց քաղաքագետը։

Ըստ Ստեփանյանի՝ դեկտեմբերի 24-ի իր ասուլիսում վարչապետն ասել էր, թե 2016-ին կողմերին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման երեք փաթեթ է ներկայացվել, որոնցում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ դրույթ չի եղել։ Նաև նշել էր, որ 2016-ին առաջարկված փաստաթղթերով Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցը Մինսկի խմբից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տիրույթ էր տեղափոխվում։ Խոսելով Արցախի կարգավիճակի հարցի որոշման մասին՝ Փաշինյանը նշել էր, որ ըստ բանակցված փաստաթղթի՝ նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությունը ևս մասնակցելու էր ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվեին ու եզրահանգել. «Եթե ԼՂ ադրբեջանական բնակչությունը հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի, ուրեմն այն ունի նաև Լեռնային Ղարաբաղից ինքնորոշվելու իրավունք»:

Քաղաքագետը նշում է, որ Փաշինյանին իրենց հայտարարություններով բավական կոշտ արձագանքել են Արցախի արտգործնախարարը, այնուհետև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման: Իհարկե, մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, սակայն մեր ժողովրդի կենսական իրավունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն:

«Դատողությունները, եթե նույնիսկ դրանցում ճշմարտության զգալի չափաբաժին կա, որևէ նշանակություն չունեն։ Ներկայիս վարչապետը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դա քաղաքական պաշտոն է։ Այդ կարգավիճակում նա պետք է բանակցային գործընթացից գոնե ընդհանուր գծերով տեղեկացված լիներ։ Այդ դեպքում ինչո՞ւ էր մղվում վարչապետի պաշտոնին։ Ինքը հերո՞ս էր, գնում էր Ադրբեջանին ծնկի բերելո՞ւ։ Ի՞նչ ռեսուրսով։ Կամ ինչո՞ւ այդ մասին չի խոսել վարչապետի պաշտոնը ստանձնելիս, ասենք՝ մի ամիս հետո։ Փաշինյանն ունի՞ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխան, թող խոսի այդ մասին։ Փաշինյանը ձախողել է պատերազմի օրակարգը, հիմա էլ տանուլ է տալիս խաղաղությունը։ Քաղաքական այդ թիմը բոլոր առումներով ոչ կոմպետենտ է։

Ավելին, նա վարչապետի հայտարարությունները հիմնախնդրի լուծման շուրջ համարում է ոչ կոմպետենտ անձի կողմից արված խոսք: «Բոլշևիկյան Ադրբեջանի կառավարիչները Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի գիտակ և կառուցողական էին, քան Հայաստանի գործող վարչապետը։ Ինքնավար Լեռնային Ղարաբաղի մասին 1923-ի հուլիսի 7-ի Ադրբեջանի ԽՍՀ Կենտգործկոմի Դեկրետում նրանք գրել են, որ մարզը «կազմավորվում է Ղարաբաղի հայկական մասից», և ավելացրել, որ տարածքի «հողը, ջուրը, անտառները» և մյուս բնական ու ձեռակերտ հարստությունները «մնում են որպես ներկայիս տերերի սեփականություն»։ 2021-ի դեկտեմբերի 24-ին «ազգակործան պատուհասը» հայտարարեց, թե ինքը համաձայն չէ, որ «Լեռնային Ղարաբաղը հայկական է»»,- նշում է Ստեփանյանը։

Ղարաբաղյան հարցը, ըստ նրա, զգայուն հարց է, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած ուժը կոմպետենտ և ադեկվատ չեն, որպեսզի «նման էկզիստենցիալ հարցերում բանակցություններ վարեն»։

Իրականում, ըստ քաղաքագետի, թեման բազմաշերտ և տարողունակ է, ու Ստեփանակերտում պետք է բավարարվեին նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձով, մանավանդ որ Ազգային ժողովի այսօրվա հայտարարությունը դրան ոչինչ չի ավելացնում։

Ամենից շատ դիտված