Ստամբուլի քաղաքապետարանի ավելի քան 500 աշխատակիցներ ներգրավվել են որպես մեղադրյալ՝ ահաբեկչությանն աջակցելու համար։ Այս մասին ասվում է Թուրքիայի ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, վարչությունը հետաքննություն է սկսել քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ, քանի որ բողոքներ են ստացել նրանց՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ ունեցած կապերի մասին։ Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետարանը ղեկավարում են ընդդիմության ներկայացուցիչներ։ Քաղաքի քաղաքապետը Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն է։
Քաղաքապետարանն իր հերթին հերքում է ՆԳՆ-ի մեղադրանքները։ Իմամօղլուն պնդում է, որ ծառայում է Ստամբուլին և չի պատրաստվում թույլ տալ, որ ոտնահարվեն իր համախոհների իրավունքները։ Իր Twitter-ում քաղաքապետը գրել է, որ քաղաքապետարանի վրա հարձակվողները «կբախվեն միասնության և ուժի հետ»։
Իմամօղլուն նշել է նաեւ, որ Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցներին աշխատանքի ընդունելու կարգը ենթադրում է նրանց ստուգում Ներքին գործերի նախարարության կողմից։ Պակաս զարմանալի չէ, նրա խոսքով, որ ոստիկանությունը նախ նշում է կասկածյալների թիվը և դատավճիռ է կայացնում, հետո սկսում հետաքննություն։