ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հրաման է ստորագրել, ըստ որի աշխատանքային ներգաղթյալներին Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի արտոնագրեր կտրամադրեն՝ նրանց դեմքի էլեկտրոնային պատկերը և մատնահետքերը պարունակող չիպով քարտի տեսքով: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
«Հաստատել օտարերկրյա քաղաքացուն կամ վիզա չպահանջող եղանակով ՌԴ ժամանած քաղաքացիություն չունեցող անձին տրվող արտոնագրի ձևը՝ տվյալների էլեկտրոնային կրիչով քարտի տեսքով»,- ասվում է փաստաթղթում։
Հրամանն ուժի մեջ կմտնի 2021 թվականի դեկտեմբերի 29-ից։
Նշվում է, որ քարտում նշված կլինեն դրա տիրոջ ծննդյան ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, մասնագիտությունը և ՀՎՆՀ-ն, նաև ՌԴ սուբյեկտի անվանումը, որի տարածքում նա աշխատում է: