Ինչպես գիտենք, ԵՊՀ ռեկտորի ընտրությունների արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 17-ին։
ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուի, Կառավարության կողմից բուհական ինքնավարության խախտման, Հովհաննես Հովհաննիսյանի գրագողության և ԵՊՀ-ի հետագա ճակատագրի մասին Oragir.news-ը զրուցեց ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Հարություն Կարապետյանի հետ։
Պարոն Կարապետյան, ինչպես արդեն գիտենք, մի քանի օրից ԵՊՀ-ում ռեկտորի ընտրություն է և որպես թեկնածու առաջադրված է մեկ հոգի` աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը։ Ի՞նչ կասեք այս թեմայի շուրջ։
Այս ամենը մեկ բառով կարող եմ բնորոշել․ «խայտառակություն» է։ Խնդիրը ոչ միայն այն է, որ առաջադրված է մեկ թեկնածու, այլ նաև այն, որ այդ առաջադրված թեկնածուն կեղծ է և խաբեբա։ Ներկա պահին, երբ մենք ազգովի, ներառյալ Կառավարությունը, հույսներս դնում ենք նորագույն տեխնոլոգիաների զարգացման վրա, ԵՊՀ ռեկտորի պաշտոնը չի կարող զբաղեցնել հումանիտար, այն էլ աստվածաբանության ոլորտի ներկայացուցիչ, հատկապես, որ ինչքան գիտեմ, ԵՊՀ-ն չունի ռազմական տերտերության ֆակուլտետ։ Հովվհաննիսյանը անկիրթ, պաշտոնամոլ և իրական գիտությունից շատ հեռու կանգնած մարդ է, նա ինչպե՞ս է ժամանակակից մարդ՝ քաղաքացի կրթելու, չեմ պատկերացնում
Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ Կառավարությունը Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունն է առաջադրել և ամեն գնով, բուհական ինքնավարությունը անտեսելով, ցանկանում է հասնել իր նպատակին։
Կառավարությունը առաջադրել և սատարում է Հովհաննիսյանի թեկնածությունը, քանի որ Հովհաննիսյանը նրանց մարդն է և ուղարկված է նրանց կողմից։ Համալսարանը խոշոր հարկատուներից մեկն է, որը մեր պայմաններում ենթադրում է նաև ստվերային մեծ գումաներ, և նրանք Հովհաննիսյանի միջոցով ցանկանում են տեր կանգնել այդ գումարներին։ Եթե, տուրք տանք պտտվող լուրերին, ապա ԵՊՀ-ն ուներ հնարավորություն (Իջևանի ու Գավառի մասնաճյուղերի միջոցով) շրջանցել ընդունելության կենտրոնացված քննությունները և ուսանողներ ունենալ մեծ պահանջարկ ունեցող իրավաբանական ու տնտեսագիտական ֆակուլտետներում: Նիկոլ Փաշինյանը և իր քաղբյուրոն գիտակցում են, որ ինքը և իր թայֆան մոտ ժամանակներս զրկվելու են իրենց պաշտոններից, դրա համար փորձում են իրենց թայֆայի «անկուսակցականներին» խցկել այնպիսի պաշտոնների, որոնք բնականաբար, մինչև դատ ու դատաստանը, հեռու կլինեն առաջին հարվածից ու կկարողանան փոքր֊ինչ երկար գոյատևել, օրինակ՝ Արայիկ Հարությունյանը կկարողանա, չէ՞, վերադառնալ ԵՊՀ՝ պրոֆեսորի կարգավիճակով: Իսկ ինչ վերաբերում է բուհական ինքնավարությանը, իմ կարծիքով, մեր երկրում մենք չենք կարող խոսել բուհական ինքնավարության մասին: Բուհական ինքնավարությունից կարող են խոսել զարգացած ու իրավագիտակից քաղհասարակություն ունեցող երկրները՝ ԱՄՆ-ը, Անգլիան և նմանատիպ շատ այլ երկրներ, բայց ոչ Հայաստանը։ Մեր երկրում միայն թայֆայի անդամ կամ թայֆայից դուրս հարաբերությունների մասին կարող ենք խոսել։
Դուք և ուրիշ շատ այլ գիտնականներ ասում եք, որ Հովհաննիսյանը արժանի չէ դոկտորի կոչմանը՝ հիմնավորելով, որ իր դոկտորական աշխատանքի մեջ կան գրագողության տարրեր։ Ի՞նչ եք մտածում, կարո՞ղ է համալսարանի ռեկտորի պաշտոնը ստանձնել մի մարդ, ում դեմ նման մեղադրանք է առաջադրվում։
Ես չգիտեմ՝ գրագողության տարրեր կա՞ն, թե՞ չկան։ Բայց, որ ակնհայտ է կեղծիքը, որը չի համապատասխանում նույնիսկ գործող օրենքներին ու կարգերին, փաստ է: Նրանք, կոպիտ ասած, խաբելով և փաստերը խեղաթյուրելով, ուզում են իրենց «էշը առաջ տանել», և համալսարանում ունենալ մարդ, որը կարող է տնօրինել հանրապետության խոշոր հարկատուներից մեկի թե՛ օրինական և թե՛ ստվերային միջոցները։ Մի կողմ թողնելով գիտությունների դոկտորի վիճելի իմիջի մասին կարծիքը կիսատգետ հասարակության մեջ՝ կարելի պնդել, որ մի մարդ, որն ակնահայտ կեղծիքներով է նույնիսկ ձգտում հասնել այդ խիստ վիճելի, իբր բարձր գիտական հեղինակությանը, իրավունք չունի դառնալ ԵՊՀ ռեկտոր։ Անբարոյական սրիկան ինչպե՞ս կարող է դառնալ ռեկտոր, ուսանող կրթել և 21-րդ դարի մարդ՝ քաղաքացի պատրաստել։ Հովհաննես Հովհաննիսյանը համապատասխանում է 16-րդ դարի կրթական համակարգին։ էդ անբարոյականության կեղծարարը ինչպե՞ս կարող է համալսարան ղեկավարել։ Համալսարանի ռեկտորը նախ պետք է ունենա բարոյական որակներ և արժեքներ, որից ինքը բացարձակապես զուրկ է։
Իհարկե, պետք է հասկանալ նաև այն, թե ո՞վ է եղել այն «խելացի բարոյականը», որը հայագիտության ասպարեզում ընդունել է աստվածաբանի աշխատանքը և Հովհաննես Հովհաննիսյանին էլ շնորհել հայագիտության դոկտորի կոչում։ Ո՞վ է եղել այդ խորհրդի նախագահը, ինչո՞ւ է ընդունել։ Չի հասկացել, ընդունե՞լ է, թե՞ ճնշումներ են գործադրել կամ թուլափայ խոստացել։ Շատ հարցեր կան, որ մնում են անպատասխան, բացահայտ կեղծիք է տեղի ունեցել։ Ինչպե՞ս են ԲՈԿ-ում խորհրդի նախագահը և անդամները համաձայնել և աստվածաբանության ոլորտի աշխատանքը ընդունել որպես հայագիտության ոլորտի թեզ:
Միգուցե հայ գիտնականներն արդեն ապացուցել են, որ Հիսուս Հովսեփիչը հայ էր, եթե հայ է, թող ասեն հայ է, կհասկանանք կապը։
Երբ ռեկտորի ընտրությունները Հովհաննիսյանի համար հաջող ընթանան, և նա ընտրվի ռեկտոր, ի՞նչ ապագա կունենա ԵՊՀ-ն։
Մի հասարակության մեջ, որը, ունենալով 100-ավոր գեներալներ, կրել է ջախջախիչ պարտություն, և ոչ մի գեներալի չպատժելով, նախաձեռնում է շարքային գերիներին մեղադրելու ստորագույն բարոյականության գործնթաց, Հովհաննեսին անցկացնելը կարելի համարել փաստ: Նախ, անկախացումից հետո ԵՊՀ-ն երբեք էլ չի փայլել իր մրցունակությամբ: Այն, ի դեմս ռեկտորների, միշտ էլ եղել է իշխող ուժին սպասարկող ՔՈԾ, կոռուպցիայի օջախ: Իսկ Հովհաննիսյանի ընտրվելու դեպքում ԵՊՀ-ն դառնալու է հերթական կոոպերատիվ բուհ-ը, որի տգետ ու կիսագրագետ շրջանավարտները ստանալու են բարեկեցիկության հնարավորություն՝ խցկվելով, նորից կաշառքով, արդարադատություն ու արտաքին հարաբերություններ հորջորջող բնագավառներ: Իսկ մեր «ուսումնատենչ» ազգը պատրաստ է լինելու տանը սոված նստել ու ցանկացած գումարի դիմաց դիպլոմ գնել։ Հովհաննիսյանը, ռեկտոր ընտրվելու դեպքում, համալսարանը վերածելու է ավելի ցածրակարգ կոռումպացված համակարգի։ «Նալոգի» տակ են ընկնելու վերից՝ վար, ըստ պաշտոնի մինչև, բնականաբար, ուսանողները: Չար լեզուներն արդեն խոսում են ռեկտորի ԺՊ-ի կաբինետի դիմաց տորթով ու կոնյակով զինված պնակալեզների հերթի մասին: Մարդը, որը կեղծիքով է պաշտոն ստանում, ընդունակ է ամեն ինչի։ Չեմ զարմանա, եթե որոշ ժամանակ հետո էլ դարձնեն ակադեմիկոս, հատկապես, որ նախկին «ազնվագույն» ԵՊՀ ռեկտորներից մեկն էլ այսօրվա ՀՀ ԳԱԱ-ի նախագահի գերագույն գլխավոր խորհրդականն է (ըստ ամենայնի, վճարովի հիմունքներով): Իսկ ներկայիս ակադեմիայի անդամները գրեթե նույն Հովհաննես Հովհաննիսյաններն են: Տվյալ սցենարի դեպքում Հովհաննիսյանը 50,000-ի փոխարեն անաշխատ 150,000 կստանա 50-ը կտա Նիկոլին, իսկ մյուս 50-ը՝ Արայիկին։ Այն մուրացկանը, որը գիտությունների դոկտորի կոչում է մուրացել, ռեկտոր լինելու իրավունք չունի։ Ամոթ է:
Լիլիթ Հարությունյան