Իրանի նոր ձևավորված Կառավարության, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերաբերյալ Իրանի դիրքորոշման, պատերազմից հետո հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ։
-Կարճ ժամանակ է, ինչ ձևավորվել է Իրանի նոր Կառավարությունը։ Արդյո՞ք այն ունի ադրբեջանամետ թև, որը կարող է լարվածության նվազման ուղղությամբ որոշակիորեն ազդել Թեհրանի վարած արտաքին քաղաքականության վրա։ Ի՞նչ կասեք այդ ամենի մասին։
-Այդ առումով շատ կարևոր է Իրանի իշխանությունների վերջնական դիրքորոշումը։ Մենք տեսնում ենք, որ Իրանի քաղաքական էլիտան՝ իսթեմբլիշմենթը, և ինչու ոչ, երկրի գերագույն առաջնորդը հստակ հակաադրբեջանական մեսիջներ են հղում Ալիևին։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը կատարել է քայլեր, որոնք ուղղակի սպառնալիք են Իրանի անվտանգությանը։ Այս տեսանկյունից արդեն բոլորի մոտ, կարծես, այսպես ասած, կոնսոլիդացիա կա։ Բոլորը միանշանակ այն դիրքորոշմանն են, որ Ադրբեջանը կարմիր գծեր է հատել, և վերջին օրերին ես Իրանի իշխանությունների որոշ շրջանակների մոտ չեմ նկատել թուրքամետ գործիչների։ Իրանում, կարծես, վերջին օրերին բոլորը համախմբվել են Ադրբեջանի դեմ։
-Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրանքների հետ կապված՝ Իրանական կողմն ի՞նչ դիրքորոշում ունի:
-Իրանում Ադրբեջանի սադրանքի ու ծավալապաշտական գործողությունների վերաբերյալ արձագանք եղավ ԱԳՆ մամուլի խոսնակի կողմից: Ինչպես նախկինում, այնպես էլ երեկ հնչեցին հավասարակշռված հայտարարություն, խաղաղ ճանապարհով հարցի կարգավորման կոչեր։ Այսինքն՝ չհնչեց այնպիսի հայտարարություն, որը մեր կողմից սպասելի էր: Պաշտոնական արձագանքները սրանով սահմանափակվեցին, իսկ մյուս արձագանքներն ավելի շատ սոցցանցային էին, որոնց անդրադառնալու հարկ, կարծում եմ՝ չկա:
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ երբ Իրանն ասում է, թե չի հանդուրժելու տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն, հիմնականում նկատի ունի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այդքան քննարկվող Զանգեզուրի միջանցքը։ Այսինքն՝ իրանական կողմն ամեն գնով դեմ է միջանցքի տրամադրմանը:
-Երբ Իրանը խոսում է այդ մասին, ավելի շատ նկատի ունի հենց իրեն սահմանակից պետություններին: Այս առումով դա վերաբերում է հայ-իրանական սահմանին և հենց այդ Զանգեզուրի միջանցք կոչվող ծրագրին։ Այսինքն՝ եթե Գեղարքունիքի կամ Տավուշի մարզում սահմանային որոշակի փոփոխություններ լինեն, իրանական կողմն այդքան կտրուկ չի արձագանքի, որքան Սյունիքի պարագայում:
-Պատերազմից հետո շրջանառվում էր տեսակետ, որ Հայաստան-Իրան հարաբերություններում որոշակի սառնություն կա։ Ի՞նչ եք կարծում, արդյոք կա՞ նման բան։
-Իրավացի եք, կար որոշակի սառնություն` նաև Հայաստանում Իսրայելի դեսպանատան բացման հետ կապված։ Իսկ Արցախյան պատերազմի ընթացքում բավական ակնհայտ երևաց Իրանի ցամաքային սահմանի կարևորությունը Հայաստանի համար։ Իսկ հետպատերազմյան շրջանում, կարծես թե, երկու կողմերում էլ հարաբերությունների ընդլայնման ցանկություն կա։
Քնարիկ Պետրոսյան