Հոգեբանի մոտ այցելելու պատճառների, բաժանությունների և ընտանեկան խնդիրների առաջացման, քաղաքականության պատճառով բաժանությունների վերաբերյալ Oragir.news-ը զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ։
-Գաղտնիք չէ, որ հոգեբանի մոտ այցելելու պատճառներից տարածված են ընտանեկան խնդիրները։ Ինչի՞ց են ծագում դրանք։
-Առաջին պատճառն այն է, որ զույգերը բոլորովին չեն պատկերացնում, թե ինչ է ամուսնությունը, նրանք սիրահարվում են, բայց պատասխանատվություն՝ առողջ ընտանիք կառուցելու՝ չկա։ Այդ բաժանությունների պատճառները կարող են լինել տարբեր, կարող է պատահի, օրինակ, աղջիկն ինչո՞ւ է ուզում ամուսնանալ, որովհետև իր ընկերուհին հագել է այդ հարսի շորը, ինքը շատ ուզում է նույնը ունենալ։ Գալիս է այդ ամենը նրանից, որ մշակույթների տարբերություն է լինում, որ տղան և աղջիկը լրիվ տարբեր ընտանիքներից են լինում, իրենք մշակույթի առումով շատ տարբեր են լինում, օրինակ՝ հիմա շատ տարածված է, որ գյուղից են հարս տանում, կամ գյուղ են հարս բերում։ Ոչ մի հայ ընտանիք չի կարողանում առանց օժանդակության ապրել, շատ քիչ ընտանիք կա, որ, օրինակ, աշխատում են IT կամ մի երկու այլ ոլորտում, կարողանում են ինքնուրույն ընտանիք կազմել։ Երբ ծնողները միջամտում են, որ երիտասարդները երջանիկ լինեն, հետո սկսում են ամեն հարցերում խառնվել, միջամտել։ Իհարկե, բաժանությունների պատճառներից մեկը համատեղ ապրելն է, այսինքն` դա շատ մեծ արհավիրք է առհասարակ բոլորի համար, ոչ մեկ չի ուզում համատեղ ապրել, օրինակ` դեպքեր են լինում, որ սկեսուրի սկեսուր կա մեկ տան մեջ, օրինակ՝ երեք սենյականոց բնակարանում։
-Եղե՞լ են այցելուներ, որոնց բաժանության և ընտանեկան կռիվների դրդապատճառը լինի քաղաքական թեման։
-Այո, այո՜, շատ են գալիս ինձ մոտ նման այցելուներ։ Հիմնական պատճառն այն է, որ հատկապես քովիդի շրջանում, պանդեմիան երբ սկսվեց, բոլորը տանը մնացին, ամեն մեկը այն ժամանակ գնում էին գործի, իրար չէին տեսնում, իսկ այդ ընթացքում բոլորը տանն էին, բայց ես Ձեզ ասեմ, որ այդ ժամանակ բաժանությունների թիվը շատ բարձրացավ, կան բազմաթիվ դեպքեր, չունեմ այդ ստատիստիկան և չեմ էլ կարող ունենալ, որ իրենք բաժանվեցին, որովհետև այդ պատճառով, դա հաստատ է, բայց որ խռովություններ են սկսվել, ընտանիքը սկսվել է պառակտվել, ամեն մեկն ուներ իր տեսակետը՝ տարբեր քաղաքական ուժերին հարելու։ Օրինակ՝ գնում են ընտրության, ընտրության ժամանակ է պարզ երևում, կինն ասում է՝ գնամ ընտրեմ Պողոսին, ամուսինը՝ Կիրակոսին։ Երբ մարդը մեզ նման է մտածում, օրինակ՝ ես սկզբում այս իշխանության համար ասում էի, որ ոգևորված այդքան մի եղեք, մի քիչ համբերեք, ու ընդամենը հորդորում էի ժամանակ անցնի։ Ընտանիքը հասարակության մի փոքր բջիջն է, իսկ այն գործընթացները, որոնք կատարվում են հասարակության մեջ, անմիջապես անդրադառնում են ընտանիքի վրա, և այդ խնդիրները հասարակությունից են գալիս դեպի ընտանիք։
-Տղամարդիկ այցելո՞ւմ են հոգեբանի, թե՞ դեռևս կարծրատիպեր գոյություն ունեն։
-Ինձ մոտ էտապներ են լինում, որ այցելու տղամարդիկ ավելի շատ են լինում, քան կանայք։ Ես նրանց բոլորին շատ սիրում եմ, և այ հիմա էլ սպասում եմ տղամարդ այցելուին։
-Բացի խորհրդատվությունից, կան բազմաթիվ մեթոդներ, որոնք կիրառվում են հոգեբանական աշխատանքներ իրականացնելիս։ Կնշե՞ք մի քանիսը։
-Խորհրդատվություն կա, հնարավոր է՝ քո մոտեցումը ցուցաբերես, օրինակ՝ հոգեբան կա, որ այցելուին թեստ է տալիս, և դրանով է սկսում ախտորոշում անել, ես, օրինակ, նման բան չեմ անում, իսկ խորհրդատվությունը ընդհանուր անվանումն է։ Իսկ թե ով ոնց է դա կատարում, իր մոտեցման ձևն է։ Կամ միանգամից հոգեբանն ախտորոշում է, որ հոգեկան խնդիր ունի տվյալ այցելուն և ուղարկում է այլ բաժին։ Իմ աշխատանքը մարդասիրական բնույթ ունի։
Քնարիկ Պետրոսյան