«Իրավունք» օրաթերթը գրում է. Տխրահռչակ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ զարմացրեց եւ զայրացրեց հանրությանն իր անսահման ցինիզմով` այսպես արտահայտվելով ռազմագերիների մասին. «Հիմա կներես, կարող ա մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան: Իսրայելը, Իսրայելը, Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում ա էդ ինքնաթիռը: Իսկ գիտե՞ք էդ գերիներն ովքեր են, էդ գերիները ովքեր են»... «Էն մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել եւ մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Ձեզ չի՞ հետաքրքրում` ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն»... «Որովհետեւ, որովհետեւ, որովհետեւ էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրանք զենքը դրել եւ փախել են, հայտնվել են գերության մեջ»:
Զարմանալի է, որ դասալքությունից բարբառում է մի թիմի ներկայացուցիչ, որի ջախջախիչ մեծամասնությունը բանակից փախել է բոլոր չորս վերջույթներով: Ավելի լավ է Սիմոնյանը պատմի` ինչպես են իրենք հետևողականորեն անցկացրել դասալիք բուծելու քաղաքականություն, ինչպես են իրենց քարոզչամեքենայով գերի ընկնելը հերոսություն հռչակել, եւ վերջապես, ինչպե՞ս եղավ, որ 2016-ի ապրիլին ոչ ոք գերի չհանձնվեց, իսկ իրենց կապիտուլյացիոն խունտայի օրոք հարյուրներով են հանձնվել... Վստահ ենք, որ այդ ամենը պատմելու է, ավելի ճիշտ` «երգելու» է քննիչի աշխատասենյակում, իսկ մինչ այդ, նրա զարմանալի ցինիզմը հրճվանք է պատճառել թշնամու ԶԼՆ-ներին:
Իսկ ՔՊ-ական Լուլուն` Լուսինե Բադալյանը, հրճվանքի մեջ է ընկել Ալեն Սիմոնյանի նոր շքեղ ավտոմեքենայից եւ դիմելով ընդդիմությանը, զարմանալիորեն հայտարարել է. «Սիմոնյանը մեքենան տուն չի տանելու. երբ գաք իշխանության` ձեզ է ծառայելու»: Զարմանալի է, ինչու է սույն առանձնյակը բոլորին չափում իր եւ իր թիմակիցների արշինով, չնայած դրան էլ կա տրամաբանական բացատրություն` եթե առաջ Լուլուն խոնարհվում էր թուրքերի առաջ, հիմա հավանաբար որոշել է խոնարհվել Ալեն Սիմոնյանի ծառայողական ավտոմեքենայի առաջ... Դե ինչ արած, առանց որեւէ բանի առաջ խոնարհվելու, էդ աղջիկը չի կարողանում: Մարտնչող տգիտությունը հենց այդպիսին է` սրբությունների փոխարեն խոնարհվում են ամեն զըռթուզիբիլի առաջ: Հո իզուր չէ, որ սպառողների շահերի պաշտպան, մշտապես բարեկիրթ Բաբկեն Պիպոյանը չդիմացավ եւ Ազգային ժողովը որակեց ժեխաժողով:
Չնայած, ելնելով մեծամասնության կապիտուլյանտական էությունից, «Էրմենիստանի միլլիմեջլիս» անունը հաստատ ավելի կոռեկտ կլիներ: Ինչպես հայտնի է, անգամ փչացած ժա- մացույցը օրը երկու անգամ ճիշտ ժամանակ է ցույց տալիս: Եվ, երեւի թե, ելնելով այդ զարմանալի օրինաչափությունից, դիմակների, պատվաստումների եւ առողջաթաղության նախարար Անահիտ Ավանեսյանը գովազդային կարգով սոցցանցերով տարածել է մի կոչ, որին ամբողջովին համաձայն ենք. «Ողջունի՛ր բռունցքով, վարակի տարածումը կանխելու համար»:
Եվ իրոք, զարմանալիորեն շատ են այնպիսի առանձնյակները, որոնք տեղով վարակ են, եւ միանգամայն կառուցողական է թվում բռունցքով քիթ-մռթին նրանց ողջունելու գաղափարը: Որոշ դեպքերում «սյունյաց ողջույնից» էլ արդյունավետ կգործի այդպիսի կանխարգելիչ սանիտարահիգիենիկ միջոցառումը: Համ էլ սիրուն է հնչում` ողջունի՛ր բռունցքով, փրկի՛ր կյանքեր»:
Մանրամասնը՝ թերթի այսօրվա համարում։