Թուրքիայում Էրդողանի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել
copy image url

Թուրքիայում Էրդողանի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել

Արտաքին 3 տարի առաջ - 23:31 04-12-2021

Թուրքիայի հարավում գտնվող Մերսին քաղաքում նախագահ Թայիփ Էրդողանի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել՝ լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին։

Ցույցը Twitter-ում հեռարձակել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Ինչպես ներկաներին ասել է քաղաքական գործիչը, Էրդողանը «հրաժարականի կարիք չունի. մենք նրան դուրս կուղարկենք»։

Քըլըչդարօղլուն կոչ է արել միավորել Թուրքիայի քաղաքացիներին, այդ թվում՝ նրանց, ովքեր նախկինում քվեարկել են գործող նախագահի օգտին։

«Որ բոլորը հաղթեն, մենք գնալու ենք ընտրության և քվեատուփերի մոտ տապալելու ենք այս բռնապետությունը, խոսք եմ տալիս»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը։

Իր հերթին Էրդողանը, ելույթ ունենալով երկրի հարավ-արևելքում գտնվող Սիիրթում իր կողմնակիցների առաջ, ասել է, որ իր հանրահավաքին ավելի շատ մարդ է եկել, քան ընդդիմության հանրահավաքին։

Նախագահը քաղաքացիներին կոչ է արել պահպանել վստահությունը ազգային տնտեսության նկատմամբ և խոստացել կայունացնել իրավիճակը։ Ըստ նրա՝ թանկացման պատճառներից մեկն էլ համաշխարհային շուկաներում հումքի գների ուժեղ աճն էր։

Տարեսկզբից թուրքական արժույթը մեկ դոլարի դիմաց 7,4 լիրայից էժանացել է՝ հասնելով 13,9-ի։ Նոյեմբերի 23-ին այն մեկ օրում փլուզվել է 16 տոկոսով, ինչը առավելագույնն էր վերջին 20 տարվա ընթացքում։

Դա պայմանավորված է նոյեմբերի 18-ին Թուրքիայի Կենտրոնական բանկի՝ զեղչային դրույքաչափը 16-ից 15 տոկոսի իջեցնելու որոշմամբ։ Էրդողանը հեռուստատեսային ելույթով հանդես է եկել զեղչային տոկոսադրույքի նոր կրճատման օգտին՝ պնդելով, որ դա կբերի գնաճի նվազմանը։

Հիմնական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները նախագահին մեղադրել են անգործունակության մեջ և կոչ են արել շուտափույթ քվեարկություն անցկացնել: Էրդողանը մերժել է նախաձեռնությունը՝ ասելով, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան այնպես, ինչպես նախատեսված էր 2023 թվականի հունիսին։

Ամենից շատ դիտված