Դեկտեմբերի 5-ին ՏԻմ ընտրություններ են սպասվում նաև Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում։ Ապարանում 2 կուսակցություն է պայքարելու համայնքապետի ընտրություններում․ գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանը՝ «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքի կազմով, և «Քաղաքացիական պայմանագիրը, որի ցուցակը գլխավորում է «Ապարան Գրուպ» զովացուցիչ ըմպելիքների գործարանի տնօրեն Էդգար Փարվանյանը։ Փարվանյանը, հիշեցնենք, նաև 2016-ի ընտրություններին է մասնակցել, և այն ժամանակ պարտվել է Կարեն Եղիազարյանին։
Oragir.news-ի հետ զրույցում Էդգար Փարվանյանն, անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, ասաց, որ այն ընդհանուր առմամբ նորմալ է համարում, բացի մի դրվագից․
«Մենք խախտումներ թույլ չենք տվել, և, կարծում եմ՝ հակառակ թիմից էլ չի եղել, բացի այն բանից, որ ամբողջ ֆինանսական աշխատանքներով հանդերձ ձմռանը Ապարանում ասֆալտ են անում, և օգտագործում են որպես քարոզարշավի նյութ»,- ասաց Փարվանյանը։
- Ձմռանը ասֆալտ անելը ընտրակաշա՞ռք եք համարում, պարոն Փարվանյան։
- Իհարկե, բա որ դա ընդրակաշառք չէ, բա էլ ընտրակաշառքը ո՞նց է։ Ամբողջ ամառը թողնում են, Ապարանում ձմռա՞նն են ասֆալտ անում։
- Վանաձորում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, գործող մարզպետ Արամ Խաչատրյանն էլ է ձմռանը ասֆալտ անում, դա՞ էլ եք համարում ընտրակաշառք։
- Վանաձորի կլիման ու Ապարանինը նո՞ւյնն են։
- Տարբե՞ր են։
- Իհարկե։ Ապարանը բարձր լեռնային գոտի է, Հայաստանի «Սիբիրն» է։
- Դուք ինչպե՞ս եք Ձեր շանսերը գնահատում՝ նկատի առնելով, որ 2016-ին արդեն 1 անգամ պարտվել եք Կարեն Եղիազարյանին։ Այս ընթացքում ի՞նչ է փոխվել ապարանցիների քաղաքական դիրքորոշումներում։
- Քանի որ այն ժամանակ միայն Ապարան քաղաքի ընտրություններն էին, և քաղաքը ողողված էր ուղղորդողների բանակով, բոլոր պաշտոնյաները միջամտում էին և կենտրոնանում էին Ապարանի վրա։
- Այսինքն՝ ուզում եք ասել, որ այն ժամանակ վարչական ռեսուրսը գործող քաղաքապետի օգտի՞ն էր աշխատում։
- Միանշանակ։
- Հիմա էլ Ձե՞ր օգտին են աշխատում։
- Ոչ- ոչ, դրա կարիքը չկա, մենք դրանից ենք պրծել, մենք ուզում ենք, որ քաղաքականությունը և ժողովուրդը առանց ուղղորդման իր ազատ կամքի ինքնորոշումը դրսևորի, և տեր լինի իր ձայնին, իր քվեին։
- Եթե Դուք ընտրվեք, 5 տարի հետո Ապարանը ինչո՞վ է տարբերվելու ներկայիս Ապարանից։
- Աշխատանքները և ծրագրերը բազմապատկվելու են, և ամենակարևոր հանգամանքը գիտե՞ք՝ ո՞րն է․ ինչը, որ պիտի արվի, արվելու է ի շահ ժողովրդի և ներկայացվելու է որպես ժողովրդի կողմից աշխատանք, և ոչ թե անհատը կամ գործող համայնքպետը փորձի «ռեկլամ» անի, ասի՝ ես սա եմ արել, ես նա եմ արել, ես իմ հաշվին եմ արել․․․, ո՛չ, դա արվելու է հենց ժողովրդի հարկերի, տուրքերի, ժողովրդի կողմից վճարված գումարների հաշվին, իհարկե, Կառավարության միջնորդությամբ և օգնությամբ։