ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Սան Մարինոյի արտաքին գործերի, միջազգային տնտեսական համագործակցության և հեռահաղորդակցության հարցերով պետքարտուղար Լուկա Բեքքարին համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև վիզաների չեղարկման վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետները հանդիպել են Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի լիագումար նիստում պետքարտուղար Բեքքարիի ելույթից հետո։
Նշվում է, որ նման քայլը վկայում է «երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված գերազանց հարաբերությունների և համագործակցության հարցերը զարգացնելու երկկողմ ցանկության մասին»։
Փաստաթղթի ստորագրումից հետո Ռուսաստանի Դաշնության և Սան Մարինոյի քաղաքացիները հնարավորություն կունենան «մուտք գործել, դուրս գալ, տարանցել և մյուս պետության տարածքում մնալ առանց վիզայի մինչև 90 օր՝ առաջին մուտքի օրվանից հաշված 180 օր պարբերականությամբ։ Կարևոր պայման է նաև մուտքի, տարանցման և ճանապարհին այլ երկրների տարածքում գտնվելու բոլոր կանոնները պահպանելը»։