Եվրախորհրդարանը վերջնական որոշում է կայացրել ընդլայնելու Թուրքիայում սիրիացի խոցելի փախստականների դրամական աջակցության ծրագիրը։ ԵՄ օրենսդիրները հավանություն են տվել 2021 թվականի բյուջեի լրացման նախագծին, ըստ որի՝ նախատեսվում է 170 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում հատկացրել Թուրքիայի սիրիացի փախստականների։ Ըստ թուրքական «Hürriyet»-ի՝ կողմ է քվեարկել 588, դեմ՝ 87, ձեռնպահ՝ 14 պատգամավոր։
Ֆինանսական աջակցությունը կընդլայնի դրամական բազմաթիրախ օգնության սխեման՝ ամենախոցելի փախստականներին ամսական փոխանցումներ կատարելով վարձակալության, հաշվեվճարների, սննդի և դեղորայքի հիմնական կարիքները հոգալու համար:
Ըստ հոդվածի՝ սոցիալական պաշտպանության արտակարգ համակարգը դաշինքի պատմության մեջ մարդասիրական խոշորագույն ծրագիրն է, որն օգնել է 1,8 միլիոն մարդու։ Պարբերականն ընդգծում է, որ առանց այս որոշման 2022 թվականի սկզբին ծրագիրը կավարտվեր, սակայն, ի հաշիվ 2021 թվականի բյուջեի մնացորդից գոյացած լրացուցիչ գումարների, ծրագիրը երկարաձգվելու է։ Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովը գտնում է, որ ընդլայնված սխեմայի համար մինչև 2023 թվականի սկիզբը կպահանջվի ընդհանուր առմամբ 325 միլիոն եվրո: ԵՄ անդամ երկրները սեպտեմբերին արդեն հավանություն են տվել մարդասիրական օգնության երկարաձգմանը։
ԵՄ նման առատաձեռնությունը պատահական չէ, քանի որ Թուրքիան սիրիացի փախստականներին ընդունած ամենամեծ երկիրն է, որը հյուրընկալել է քաղաքացիական պատերազմից փախած մոտ 4 միլիոն մարդկանց, ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր: Վերջին անգամ այս մասին հայտարարել էր ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը՝ խոստովանելով, որ Թուրքիան և Եվրամիությունը ստիպված են եղել պայքարել մղել նաև մաքսանենգության ցանցերի վերացման ուղղությամբ։