Վերջին շրջանում սպառողական զամբյուղը նկատելիորեն թանկացել է, հասարակության մեծամասնությունը բողոքում է, որ աշխատավարձը արդեն անհամատեղելիորեն չի համապատասխանում սննդամթերքի գներին և չի բավականացնում, որպեսզի քաղաքացին կարողանա գնել այն։ Ամեն ինչ, գնալով, մեկը մյուսից թանկանում է։
Թանկացումները տարբեր պատճառներ ունեն, գլխավորներից մեկը մեր տնտեսությունն է։ Թանկացման պատճառները պարզելու համար Oragir.News-ը հեռախոսազրույց ունեցավ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։ Նա իր խոսքում նշեց․
«Թանկացումները մի քանի պատճառներ ունեն, հիմնական պատճառներից մեկը մեր հյուծվող տնեսությունն է։ Հայտնի է, որ 2020-2021 թվականների թանկացման պատճառներն ոչ միայն քովիդն ու պատերազմն էին, այլ նաև ապիկար կառավարումը, որոնք էլ և՛ տնտեսության, և՛ հանրային ոլորտներում բերեցին տնտեսական էական նվազման։ 2021թվականի դրությամբ, տնտեսությունը շատ դանադաղ կերպով է աճում, ցավոք սրտի, չունենք վերականգնում, իսկ այդ ամենը բերում է թանկացման։
Արտաքին գործոնները նույնպես ազդում են տնտեսության վրա։ Մեր ներքին շուկան բավականին փոքր է, իսկ մենաշնորհների ազդեցությունը շարունակում է բարձր մնալ: Պատերազմից հետո, հարգելի պատճառներով, բազմաթիվ կորուստներ ունեցանք, այդ թվում նաև գյուղատնտեսական ներուժի կորուստ։ 2021թվականի վերջին ութ ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ, գյուղատնտեսության աճը նվազել է։ Ցորենը, հացահատիկը, և մնացած գյուղմթերքները, որոնք նաև Արցախի Հանրապետությունից էինք ներմուծում, այսօր ստիպված ներմուծում ենք միջազգային շուկաներից, ինչի պատճառով էլ գյուղմթերքը թանկացել է»,- նշեց մեր զրուցակիցը։
Այս ամենին գումարվել է նաև ծխախոտի գնի բարձրացումը։ Ինչպես ներմուծվող այնպես էլ տեղական արտադրության ծխախոտները, անկախ սննդամթերքի թանկացումից, միշտ ենթարկվում են գնաճի։ Որոշների մեկ տուփի գինը թանկացել է 60 դրամով, օրինակ՝ մոխրագույն տուփով «Արարատ»-ը 790 դրամ է՝ նախկին 730-ի փոխարեն։ Իսկ ՀՀ ներմուծվող ծխախոտի գինը բարձրացել է 10-20 դրամով: Օրինակ՝ Winston ծխախոտը 580 դրամ է՝ նախկին 570-ի փոխարեն, սուպերմարկետներ էլ կան, որտեղ այն 600 դրամ է: Իսկ թե ինչո՞ւ, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց․
«Նույն գործոնների հետևանքն է։ Հումքի մշակման և կրճատման պատճառը բերում է գնաճի խնդրի։ Եկամտահարկերը բարձրացել են, ինչը նույնպես նպաստել է թանկացմանը։ Այս ամենը կարճաժամկետ չէ, հաջորդ տարի գնաճի ավելի բարձր թիրախ է դրված»,- եզրափակեց նա։
Ծխախոտի շուկայում ոչ միայն օրեր առաջ են գնային փոփոխություններ տեղի ունեցել, այլ հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ: Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի՝ հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ծխախոտային արտադրատեսակների 0.5 տոկոս գնաճ։