Երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարները, ինչպես ակնկալվում է, կհաստատեն Բելառուսի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ հինգերորդ փաթեթը: Նոր սահմանափակող միջոցները, ըստ Reuters-ի, կներդրվեն ԵՄ երկրների հետ Բելառուսի սահմանին՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով։
Եվրամիությունը պնդում է, որ Բելառուսի իշխանությունները ներգրավված են եղել ճգնաժամի ստեղծման մեջ՝ Մերձավոր Արևելքից ներգաղթյալներին բերելով երկիր և ստեղծելով բոլոր պայմանները, որպեսզի նրանք փորձեն հատել ԵՄ-ի հետ սահմանը՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։
Reuters-ի փոխանցմամբ՝ բացի ֆիզիկական անձանցից՝ բելառուս պաշտոնյաներից, պատժամիջոցները կարող են վերաբերե Մինսկի միջազգային օդանավակայանին, ուր ժամանում են միգրանտների մեծ մասը։ Դրանք կարող են ազդել նաև ավիաընկերությունների և տուրիստական գործակալությունների վրա, որոնք ներգրավված են միգրանտներին Բելառուս տեղափոխելու մեջ: ԵՄ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Լեհաստանը, կարծում են, որ սահմանային ճգնաժամի մեջ ներգրավված է ոչ միայն Մինսկը, այլեւ Մոսկվան։ Լրատվամիջոցները գրում էին, որ պատժամիջոցները կարող են ազդել ռուսական «Աերոֆլոտ»-ի վրա, սակայն, ԵՄ պաշտոնյաների կարծիքով, Ռուսաստանի վրա պատժամիջոցները չպետք է ազդեն։