Լեհաստանը տեղեկություն ունի լեհ-բելառուսական սահմանին առաջացած ճգնաժամին ռուսական «Աերոֆլոտ» ընկերության մասնակցության վերաբերյալ, «Էխո Մոսկվի»-ի եթերում հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան։
«Մեր տեղեկություններով, «Աերոֆլոտ»-ը աջակցել է Մերձավոր Արևելքից Լեհաստանի սահման միգրանտներ տեղափոխելու Լուկաշենկոյի ակցիային։ Կմտածենք, թե ինչ կլինի»,- ասել է Յասինան:
Նրա խոսքով, հնարավոր պատժամիջոցների քննարկումը չի նշանակում, որ դրանք անպայման կներդրվեն։
Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ ԵՄ իշխանությունները դիտարկում են դեկտեմբերի սկզբին ռուսական «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակի հետ։
ՌԴ դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովի խոսքով, եթե «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցներ կիրառվեն, Ռուսաստանը կարող է քննարկել երկրի տարածքով արևմտյան ավիաընկերությունների երթևեկությունն արգելելու հարցը։