Իրաքի միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խոսվում է Բելառուսում հայտնված իրաքցիների դուրսբերման հնարավորության մասին։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իրաքը Ռուսաստանում դեսպանատան միջոցով կնպաստի Բելառուսից իրաքցիների դուրսբերմանը, որոնք ցանկություն կհայտնեն վերադառնալ հայրենիք։
Իրաքի միգրացիայի և միգրանտների հարցերով փոխնախարար Քարիմ ալ Նուրին բացատրել է, որ Իրաքը Բելառուսում դեսպանություն չունի։ Նա նաև հավելել է, որ Իրաքը խնդրել է այլ երկրներին թույլ չտալ իրաքցիներին հասնել Բելառուս այն բանից հետո, երբ Բրյուսելը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Իրաքի դեմ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բելառուսա-լեհական սահմանին միգրանտների մեծ ճամբար է ձևավորվել, ովքեր ցանկանում են հասնել Արևմուտք։ Լեհաստանի իշխանությունները Բելառուսին և Ռուսաստանին մեղադրել են միգրացիոն ճգնաժամը հրահրելու մեջ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս հարցը, ասել է, որ բելառուսա-լեհական սահմանին տիրող իրավիճակի համար Ռուսաստանի պատասխանատվության մասին խոսքերը «բացարձակ անպատասխանատու և անընդունելի են»։