Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հետևում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացին։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Էրդողանն ասել Անկարայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Թուրքիայի նախագահականից հայտնում են, որ Էրդողանն ու Ալիևը քննարկել են Պաղեստինի Գազայի հատվածում և բռնակցված Արցախում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությանը վերաբերող հարցեր:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Անկարայում հետևում են Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից ռուսաստանյան խաղաղապահ ուժերի դուրսբերման ընթացքին», - ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Բաքվում անցկացվելիք COP29-ին մասնակցելու հրավեր անելու համար և հայտնել Թուրքիայի պատրաստակամությունը՝ դրա նախապատրաստական աշխատանքներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու գործում։
Ալիևը Էրդողանի հրավերով էր Անկարա էր մեկնել հունիսի 10-ին՝ մի քանի ժամով։
Հիշեցնենք, որ բռնակցված Արցախից Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացը մեկնարկեց սահմանված ժամկետից շուտ՝ 2024-ի ապրիլին։ Խաղաղապահներն Արցախում տեղակայվել էին 5 տարի ժամկետով՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։