Թուրքական T24-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է ընդլայնել Համացանցի մասին օրենքը՝ համացանցային լրատվամիջոցների համար սահմանելով առավել խիստ կանոններ: Մասնավորապես՝ օրենքի փոփոխություններն անդրադառնալու են լրագրողական վկայականների, գովազդի տարածման և առցանց լրատվամիջոցներից գանձվող հարկերի վրա:
Հաղորդվում է, որ հաջորդ շաբաթվանից Թուրքիայի թվային մեդիայի խորհրդարանական հանձնաժողովը հանդիպելու է երկրի սոցիալական մեդիայի այնպիսի խոշոր ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Ֆեյսբուքը, Թվիթթերը և Ինստագրամը՝ տեղեկացնելու առաջարկվող փոփոխությունների մասին:
Թուրքիան դեռևս 2020 թվականի հոկտեմբերից խիստ սահմանափակումներ է մտցրել սոցիալական ցանցերի նկատմամբ, որոնց համաձայն՝ մեկ միլիոնից ավելի օգտատեր ունեցող հարթակները պարտավոր են գրասենյակներ բացել երկրում, հակառակ դեպքում՝ կտուգանվեն։ Թուրքիայում «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Էմմա Սինքլեր-Ուեբբը «հրեշային» է որակել կառավարության առաջ քաշած նախագիծը: Պատճառն այն է, որ սոցիալական ցանցերը կարող են տուգանվել նաև, եթե հրաժարվեն հեռացնել վիճահարույց գրառումները:
Քննադատները նշում են, որ այս օրենքն Անկարայի փորձն է՝ուժեղացնելու վերահսկողությունը հիմնական լրատվամիջոցների նկատմամբ՝ երկրի առցանց ընդդիմությանը ստիպելով լռել: Բացի այդ, ըստ T24-ի՝ կառավարությունը զուգահեռաբար աշխատում է նաև նախազգուշական նոր միջոցների վրա՝ նախատեսված երեխաների և երիտասարդների համար: