ԱՄՆ-ը փակ դռների հետևում բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ կիբերանվտանգության խնդրի վերաբերյալ և վերջերս ռուսական կողմին է փոխանցել մի քանի հաքերների անուններ, որոնք, ըստ ամերիկյան հետախուզության համայնքի, մասնակից են ԱՄՆ օբյեկտների վրա վերջերս տեղի ունեցած կիբերհարձակումներին:
Այսպիսի պնդում է պարունակվում «Մրցակիցները համաշխարհային ասպարեզում, Ռուսաստանը և ԱՄՆ-ը լուռ համագործակցության ոլորտներ են փնտրում» վերտառությամբ հոդվածում, որը հրապարակվել է կիրակի օրը New York Times-ի կայքում: Դրանում հաստատվում է, որ վերջին ամիսներին ամերիկացի և ռուս ներկայացուցիչների միջև երկխոսություն է ընթանում նաև այլ հարցերի շուրջ, մասնավորապես՝ սպառազինությունների վերահսկման, թերթի պնդմամբ՝ «ամենախորը երկար տարիների ընթացքում»։ «Բայդենի վարչակազմը սթափ մոտեցում է կիրառում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում»,- գրում է պարբերականը։
Երկխոսությունը, որը մեծ մասամբ ընթանում է կուլիսների հետևում, սկսվել է այս տարվա հունիսին Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Ինչպես նշում է New York Times-ը, վերջին ամիսներին ԱՄՆ վարչակազմի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Մոսկվա, ռուս և ամերիկացի ներկայացուցիչները մի քանի անգամ նաև հանդիպել են Շվեյցարիայում և Ֆինլանդիայում։