Միջին պլեյստոցենի ժամանակաշրջանի Աֆրիկայի բնակիչներին կարելի է վերագրել մարդկանց նոր՝ Homo bodoensis տեսակի, գտնում է պալեոնտոլոգների միջազգային թիմը՝ Վինիպեգի համալսարանի մասնագետների գլխավորությամբ: Նախկինում հայտնի մնացորդները վերագրվում էին այլ տեսակների, որը դժվարություններ էր ստեղծում գտածոների նույնականացման և դասակարգման հարցում: Այս մասին ավելի մանրամասն խոսվում է Evolutionary Anthropology Issues News and Reviews ամսագրում հրապարակված հոդվածում:
Homo bodoensis-ն ապրել է Աֆրիկայում միջին պլեյստոցենի ժամանակաշրջանում՝ մոտ 500 հազար տարի առաջ և եղել է ժամանակակից մարդու անմիջական նախնին, պնդում են գիտնականները: Նրանք վերագնահատել են այս ժամանակաշրջանի Աֆրիկայում և Եվրասիայում հայտնաբերած մարդկանց հայտնի մնացորդները: Նախկինում այս բրածոները համարվում էին հայդելբերգյան կամ ռոդեզյան մարդու մնացորդներ: Այնուամենայնիվ, այս տեսակների հետ կապված շփոթություն կար. օրինակ, ենթադրաբար հայդելբերգյան մարդու որոշ մնացորդների ԴՆԹ-ի վերլուծությունից հետո պարզվել էր, որ դրանք նեանդերթալցիների մնացորդներ են, իսկ ռոդեզյան մարդու մասին ընդհանրապես քիչ բան է հայտնի, իսկ այն չափանիշները, որոնցով կարող են այս կամ այն մնացորդները վերագրվել այս տեսակին՝ խիստ անորոշ են:
Համաձայն նոր գնահատականի, բրածոներից մի քանիսը կարող են վերադասակարգվել որպես նեանդերթալցիների մնացորդներ: Մնացածը կարելի է վերագրել նույն տեսակին՝ Homo bodoensis-ին, որն անվանվել է Եթովպիայի Բոդո դ'Ար տարածքում հայտնաբերված գանգի պատվին: