Չինացի զինվորականները գերձայնային զենքի երկու փորձարկում են իրականացրել 2021թ.-ի ամռանը: Խոսքը պլանավորող գերձայնային թռչող սարքի արձակման մասին է, որն ունակ է միջուկային զենք կրել, գրում է Financial Times-ը:
Պարբերականի՝ ԱՄՆ հետախուզության գնահատականներին ծանոթ աղբյուրի տվյալներով, դրանցից առաջինը տեղի է ունեցել ոչ թե օգոստոսին, այլ հուլիսի 27-ին: Այդ ժամանակ ՉԺՀ-ի զինվորականները «մասնակի-ուղեծրային ռմբակոծման» համակարգով հրթիռ են արձակել՝ միջուկային զենք կրելու ունակ գերձայնային թռչող սարք արձակելու համար: Ինչպես նշում է Financial Times-ը, դա ապշեցրել է Պենտագոնին և ԱՄՆ հետախուզությանը, քանի որ Չինաստանին հաջողվել է բացարձակ նոր հնարավորություններ ցուցադրել սպառազինության ոլորտում, որոնք բացակայում են Միացյալ Նահանգներում:
Օգոստոսի 13-ին Չինաստանն իրականացրել է գերձայնային զենքի երկրորդ փորձարկումը, գրում է պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: Սակայն, ինչ տեսակի զենք է դա եղել, հայտնի չէ: