Oragir.news-ը զրուցել է համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ, ով անդրադարձել է ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան ցուցանիշի բարձր լինելուն, բուժման արդյունավետությանը, պատվաստումների դեմ հակաքարոզին, առողջապահական համակարգի գործունեությանը։
–Վերջին շրջանում քովիդի դեմ պայքարի վիճակագրությունն է ներկայացնում հարևան երկրներում, նաև Եվրոպայում, և մենք տեսնում ենք, որ համեմատության մեջ Հայաստանում մահերի աննախադեպ բարձր թիվ է գրանցվում: Օրինակ՝ Վրաստանում մեկ օրում արձանագրված ավելի քան 4 հազար նոր COVID-19 դեպքերի եւ Հայաստանի մի քանի անգամ պակաս թվերի պարագայում ունենք մահվան նույն թվերը։ Ինչո՞վ է սա պայմանավորված՝ ուշ դիմելո՞վ, թե՞ պայքարի արդյունավետության պակասով: Ինչո՞ւ է Հայաստանում կորոնավարակի հետեւանքով մահվան ցուցանիշն այդքան բարձր։
–Այստեղ մի քանի գործոն է միաժամանակ աշխատում: Նախ՝ հիվանդների թիվն է ավելացել, և ստվար բանակից, բնականաբար, մահացածների թիվը նույնպես ավելի շատ է լինում: Բացի դրանից՝ կա արդեն գերծանրաբեռնված, հյուծված առողջապահական համակարգ, բժիշկներն ուղղակի արդեն հոգեբանական մարման համախտանիշ ունեն, երբ մարդն ուղղակի ֆիզիկապես այլևս չի հասցնում իր աշխատանքը կատարել: Այդ ամենը գումարային բերում է նրան, որ ունենք այն, ինչ ունենք: Ես ասում եմ, որ այդ բոլոր մահերը հնարավոր էր կանխել, ցավոք սրտի, մենք դա չենք արել: Ես բոլորիս մեղքն այդտեղ տեսնում եմ: Այդ մահերի 99,9 տոկոսը կարելի էր կանխել պատվաստման միջոցով, որը մենք չենք արել:
–Իսկ այն վիճակագրությունը, որ վարակվածների թվով ավելի շատ են, նույն Վրաստանում կամ այլ երկրներում, սակայն մեզ մոտ մահվան ցուցանիշը բարձր է, ինչո՞վ է պայմանավորված: Հնարավո՞ր է, որ բուժման արդյունավետության խնդիր կա:
–Ես չեմ ուզում այդտեղ մտնել, որովհետև իմ ոլորտը չէ, բայց ուղղակի ասեմ, որ հենց վիրուսի վրա ազդող բուժում մենք չունենք: Հստակորեն մոտեցումները նույնն են ամբողջ աշխարհում՝ վիճակի թեթևացում, ախտանշանային բուժում, թթվածային կախվածության դեպքում թթվածնի ապահովում, երկրորդային վարակի դեպքում հակաբիոտիկներ և այլն: Այսինքն՝ ես այստեղ բուժական խնդիր չեմ կարող տեսնել: Եվրոպական երկրների համար կարող եմ ասել, որ ճիշտ է, նրանք գրանցում են շատ մեծ թվով հիվանդներ, բայց պատվաստումային ընդգրկվածություն ունենալով՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքները դատարկ են, քովիդի հիվանդանոցները թերծանրաբեռնված են: Սա ևս մեկ անգամ ապացուցում է պատվաստանյութի արդյունավետությունը: Մենք էլ ունենք վիճակագրություն, որ մայիսից մինչև օրս գրանցվել է 1500-1700 մահ, որոնք բոլորը կարելի էր կանխել, եթե մարդիկ, ապրիլից սկսած, գնային պատվաստվելու:
–Հիմա պատվաստումների դեմ հակաքարոզ է իրականացվում, ասում են՝ այսինչ մարդը պատվաստված էր, բայց մահացավ: Ընդհանրապես, հնարավո՞ր է լինում հետազոտել՝ նա իսկապես պատվաստված եղե՞լ է, թե՞ ինչ-որ ճանապարհով է այդ թուղթը ձեռք բերել:
–Շատ ճիշտ հարց եք բարձրացնում, ես դա կարող եմ միայն հանցագործություն որակել, որովհետև, ցավոք սրտի, նման գործունեությունը մարդկային կյանքեր է խլում: Այո՛, կան այդ կեղծ փաստաթղթերը, ես ինքս էլ եմ դա տեսնում: Ստուգելը շատ դժվար է, որովհետև կարող է օրգանիզմի իմունային պատասխանը լինել շատ թույլ կամ չարտահայտված: Մենք պետք է ստուգենք հակամարմիններով, բայց հակամարմինների բացակայությունը չի խոսում այն մասին, որ նա պատվաստված չի եղել: Կա մարդկանց որոշակի տոկոս, որոնց մոտ պատվաստումը չի բերում պատշաճ պաշտպանվածության, և շատ դժվար է դրանով որոշել՝ նա իրոք պատվաստված եղե՞լ է, թե՞ ոչ: Մոտավոր կարող ենք պատկերացում կազմել, բայց 100 տոկոսով չենք կարող:
–Փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ մարդիկ հեշտ են տանում չինական պատվաստանյութերը, քան, ասենք, «Աստրազենեկան» կամ «Մոդեռնան»: Կա՞ որոշակի վիճակագրություն, թե դրանցից ո՞րն է ավելի արդյունավետ:
–Ցանկացած պատվաստանյութ տարբեր հետազոտությունների արդյունքում արդեն իսկ ունի իր ապացուցված արդյունավետությունը: Ամենաբարձր արդյունավետությունը, այսինքն՝ չհիվանդանալու հավանականությունը գրանցվել է «Մոդեռնա» պատվաստանյութի դեպքում: «Աստրազենեկայի» դեպքում տարբեր տարիքային խմբերում 78-86 տոկոս արդյունավետության մասին է խոսքը: «Սինոֆարմի» արդյունավետությունը 78 տոկոս է գրանցվում, և «Սպուտնիկը» 91-93 տոկոս արդյունավետություն ունի: Ամենացածր արդյունավետությունը Հայաստանում առկա պատվաստանյութերի դեպքում մենք ունեցել ենք «Կորոնավակից»՝ 54 տոկոս։ Այսինքն՝ «Կորոնավակով» պատվաստվելու դեպքում էլի ծանր ձևերը կանխում ենք, բայց վարակվելու հավանականությունն ավելի մեծ է։
–Դելտա շտամը երիտասարդացրե՞լ է այս վարակը։
–Այո՛, դելտա շտամի դեպքում գնում է հավասարեցում տարիքային խմբերի, և երիտասարդների շրջանում նույնպես դեպքեր գրանցվում են, նույնիսկ ծանր դեպքեր են գրանցվում երիտասարդների շրջանում, որոնք չունեն ուղեկցող հիվանդություն։ Բացի այդ, երեխաների շրջանում նույնպես գրանցվում են դեպքեր։
–Ձեռնարկվող միջոցներն արդյոք կնպաստե՞ն պատվաստվողների թվի աճին։ Մարզերում համատարած դեմ են պատվաստումներին։ Ի՞նչ կարող է անել առողջապահական համակարգը։
-Իհարկե, մենք այդ խնդիրն ունենք, մենք իրազեկման լուրջ խնդիր ունենք և անընդհատ պետք է իրազեկման ուղղությամբ աշխատենք։ Սա խոսում է մեր բնակչության շրջանում տարրական բժշկական գիտելիքների ցածր մակարդակի մասին, որին առնչվեցինք պատվաստումների այս շրջանում։ Մենք բնակչության հետ պետք է աշխատենք, բացատրենք, համբերատար լինենք, դպրոցից սկսենք այդ բացատրական աշխատանքը։