Լոռու մարզպետն աշխատանքային այցով եղել է Ալավերդի խոշորացված համայնքում
copy image url

Լոռու մարզպետն աշխատանքային այցով եղել է Ալավերդի խոշորացված համայնքում

Ներքին 3 տարի առաջ - 23:49 16-10-2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է Ալավերդի խոշորացված համայնքում՝ այստեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով: Մարզի ղեկավարին միացել էր նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Այստեղ իրականացվող ծրագրերից առաջինն Ալավերդի բնակավայրի բազմաբնակարան շենքերի բարեկարգումն է, ինչի հետ կապված դժգոհության ալիք էր բարձրացել: Ինչպես հայտնի է, օրեր առաջ անձրևաջրերը հեղեղել էին դեռևս հիմնանորոգման ընթացքում գտնվող շենքի վերևի հարկերում տեղակայված բնակարանները, և բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնում այդ առիթով:

Բնակիչները խնդիրը տեղում ներկայացրել են նաև Ա. Խաչատրյանին: Վերջինս քաղաքացիների հետ զրույցում ասել է, որ խորապես մտահոգված է խնդրով և նշել, որ արդեն իսկ բանավոր համաձայնություն է ձեռքբերվել կառուցապատողի հետ, որ տանիքների հիմնանորոգման ավարտից հետո կպարտավորվի փոխհատուցել պատճառված վնասը:

«Հարցի հետ կապված անպայման հետևողական ենք լինելու»,- նշել է մարզպետը՝ հանձնարարելով նաև համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանին խնդիրը պահել ամենօրյա հսկողության տակ:

Մարզի ղեկավարը եղել է վերջերս բարեկարգված Արցախյան պատերազմների զոհերին նվիրված պուրակում, ծաղիկներ խոնարհել Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում զոհված նահատակների շիրիմներին։

Ալավերդի համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվում է նաև գյուղական բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման ցանցերի վերանորոգում: Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 98 մլն դրամ է: Համայնքում կառուցվում են նաև ճեմուղիներ։

Ընթացող աշխատանքների վերաբերյալ մարզպետ Արամ Խաչատրյանը հանդես է եկել մի շարք այլ դիտարկումներով ևս: Նա հորդորել է աշխատանքներն իրականացնել խիստ որակով և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:

Ամենից շատ դիտված