Նորվեգիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը, որի հետևանքով մեկ օր առաջ 5 մարդ է զոհվել, ահաբեկչություն է: Չորեքշաբթի օրը 37-ամյա տղամարդը նորվեգական փոքր Քոնգսբերգ քաղաքում նետահարել է մարդկանց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ ժամանակ առաջ այս տղամարդն իսլամ է ընդունել և հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում՝ արմատականության նշաններ ի ցույց դնելու պատճառով: Սակայն հարձակման դրդապատճառները դեռ չեն բացահայտվում: Ոստիկանության մարզային վարչության պետը հայտնել է, որ վերջին անգամ իրավապահ մարմինների աշխատակիցները նրա մասին տեղեկություն են ստացել 2020թ.-ին:
«Նորվեգիայում ահաբեկչության սպառնալիքի մակարդակը դեռ չափավոր է համարվում»,- ասվում է Նորվեգիայի ոստիկանության անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ: Ծառայությունը հավանական է համարում, որ «իսլամիստ կամ աջ ծայրահեղականները կփորձեն ահաբեկչություններ իրականացնել Նորվեգիայում»:
Հինգշաբթի օրը նորվեգական ոստիկանությունը հայտարարել է, որ կասկածյալը 37-ամյա Էսփեն Անդերսեն Բրոթեն է: Նրա փաստաբան Ֆրեդրիկ Նյումանի խոսքով, նա կիսով չափ նորվեգացի է, կիսով չափ՝ դանիացի և ունի Դանիայի քաղաքացիություն:
Դատախազները նշում են, որ տղամարդը մի քանի տարի ապրել է Քոնգսբերգում, այժմ նրան կուղարկեն հոգեբուժական հետազոտության: