Վրաստանը չի բացառում իր մասնակցությունը նոր տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին, սակայն դա տեղի չի ունենա երկրի պետական շահերի հաշվին: Այս մասին Հանրային հեռարձակողի եթերում ասել է փոխվարչապետ, Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Վրաստանը կմիանա «3+3» ձեւաչափին (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան):
«Իհարկե, երբ մենք չենք տեսնում գործընթացներ դեօկուպացիայի ուղղությամբ, շատ դժվար է մասնակցել նման ձևաչափի և խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին: Այնուամենայնիվ, ես ուզում եմ հասարակությանը տրամադրել այսպիսի դիրքորոշում․ այս խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում և հարաբերություններում մենք դեռ ինչ-որ ձևով ներկայացված կլինենք, իհարկե ոչ պետական շահերի և զավթիչին զիջումների հաշվին»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Նա հավելել է, որ Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը այս հարցում «կարմիր գիծ» են:
«Անհրաժեշտ է, որ մենք հետևենք տարածաշրջանում զարգացող գործընթացներին և անպայման մասնակցենք բոլոր նոր, նույնիսկ ենթակառուցվածքային նախագծերին, որոնք կարող են շրջանցել Վրաստանը, որոնց պատճառով երկիրը կարող է կորցնել իր դերն ու գործառույթը: Հետեւաբար, կարեւոր է այստեղ ունենալ հստակ դիրքորոշում, որպեսզի մեր երկրի շահերը չտուժեն», - հավելել է Զալկալիանին: