Կիրակի օրը մի շարք միջազգային ԶԼՄ-ներ, այդ թվում՝ «Վաժնիե իստորիի» ռուսական պարբերականը, հրապարակել են գլոբալ հետաքննություն ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, պաշտոնյաների և նրանց հարազատների օֆշորային և գաղտնի հաշիվների վերաբերյալ: Հետաքննության մեջ հիշատակվածների թվում են Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի մարդիկ:
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Սվետլանա Կրիվոնոգիխը, որին անվանում են Ռուսաստանի նախագահի մտերիմ ընկերուհի, և որի դուստրը՝ Լիզան, ինչպես պնդում են ԶԼՄ-ները, արտակարգ նման է Պուտինին, 2006 թվականից Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում գրանցված Brockville Development Ltd-ի բենեֆիցիարն է: Մոնակոյի անշարժ գույքի ռեեստրի տվյալներով, Brockville-ին է պատկանում Monte Carlo Star բնակելի համալիրում շքեղ բնակարանը, որը Monte Carlo խաղատնից երկու քայլ հեռավորության վրա է, դրա արժեքը 3,6 միլիոն եվրո է:
Նշվում է, որ անվանական սեփականատեր է համարվում պանամական Radnor Investments SA օֆշորը: Նախկինում նա մասնակցել է Պուտինի ընկերոջը՝ գործարար Գենադի Տիմչենկոյին պատկանող SNG Trading-ի նավթի առևտրի մասնաբաժինների հետ կապված գործարքներին: