Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր թիմի հետ քննարկել է մայրաքաղաքում, հոկտեմբերի 3-ի զանգվածային ցույցի ժամանակ, ընդդիմության մի քանի առաջնորդների սպանության հնարավորությունը՝ Վրաստանի կառավարությանը լեգիտիմությունից զրկելու նպատակով: Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով, Սահակաշվիլին ծրագրել էր անսպասելիորեն հայտնվել հանրահավաքում և «կուլմինացիայի» ժամանակ փողոց դուրս բերել 10 հազար մարդու:
«Քննարկվող տարբերակներից մեկն ընդդիմության մի քանի առաջնորդների սպանությունն էր: Ասեմ բացահայտ, ներքին տեղեկատվություն կա»,- ընդգծել է վարչապետը:
Նման քայլը Սահակաշվիլիին թույլ կտար Վրաստանի կառավարությանը զրկել լեգիտիմությունից, պարզաբանել է Ղարիբաշվիլին:
«Նրանք արտաքին աշխարհին ցույց կտային, տեսեք, թե ինչ է կատարվում, նրանք ուղղակիորեն սպանում են ընդդիմության առաջնորդներին: Փաստորեն, այդ դեպքում նրանք կպահանջեին ոչ միայն ազատ արձակել Սահակաշվիլիին, այլև կառավարության հրաժարականը, նոր ընտրությունների նշանակումը»,- ասել է վարչապետը:
Հարցազրույցում Ղարիբաշվիլին Վրաստանի նախկին նախագահին անվանել է վտանգավոր և հիվանդ մարդ, որը երկրի ապակայունացման մշտական աղբյուր է: