Եգիպտական երեք ​​մումիաների դեմքերը վերականգնել են ԴՆԹ-ի միջոցով
copy image url

Եգիպտական երեք ​​մումիաների դեմքերը վերականգնել են ԴՆԹ-ի միջոցով

Արտաքին 3 տարի առաջ - 09:58 28-09-2021

Parabon NanoLabs լաբորատորիայի գիտնականներին հաջողվել է վերականգնել Հին Եգիպտոսում հայտնաբերված երեք մումիաների կենդանության օրոք ունեցած տեսքը: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ընկերության կայքում:

Մումիաները հայտնաբերվել են Կահիրեից հարավ ընկած հնագույն եգիպտական ​​Աբուսիր էլ-Մելեք քաղաքում: Նրանք թաղվել են մ.թ.ա. 1380թ.-ից մինչև մ.թ. 425թ.-նն ընկած ժամանակահատվածում: 2017թ.-ին Մաքս Պլանկի անվան Մարդկության պատմության ինստիտուտի (Գերմանիա) գիտնականները կարողացել են հայտնաբերել այս մումիաների ԴՆԹ-ի հաջորդականությունը, որը հին եգիպտական ​​մումիայի գենոմի առաջին հաջող վերականգնումն էր:

Այժմ Վիրջինիա նահանգում տեղակայված ԴՆԹ-ի հետ կապված տեխնոլոգիաներով զբաղվող Parabon NanoLabs-ի հետազոտողներն այդ գենետիկական տվյալներն օգտագործել են մումիաների դեմքերի 3D մոդելներ ստեղծելու համար: Դա անելու համար նրանք կիրառել են ԴՆԹ-ի դատաբժշկական ​​ֆենոտիպավորում՝ գործընթաց, որի ընթացքում գենետիկական անալիզ է իրականացվում՝ մարդու դիմագծերը և արտաքին տեսքի այլ ասպեկտները կանխատեսելու համար:

«Սա առաջին անգամն է, որ ԴՆԹ-ի բարդ ֆենոտիպավորումն իրականացվել է մարդու այսքան հին գենային նյութի միջոցով»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Պարզվել է, որ այդ երեք տղամարդիկ ունեցել են բաց շագանակագույն մաշկ, մուգ աչքեր և մազեր: Վերականգնումն արտացոլում է նրանց տեսքը 25 տարեկանում: Ընդհանուր առմամբ, ըստ հետազոտողների հայտարարության, մումիաները գենետիկորեն ավելի մոտ են Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի ժամանակակից բնակիչներին, այլ ոչ թե ժամանակակից եգիպտացիներին:

Ամենից շատ դիտված