Ռուսական պատվիրակությունը չի մասնակցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին, որը բացվել է այսօր, Ստրասբուրգում:
Ինչպես հաղորդել է պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը, Ռուսաստանի ներկայացուցիչները նստաշրջանին կմասնակցեն հեռավար: Ֆրանսիա մեկնելուց հրաժարվելու պատճառ է նա համարել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները: Ֆրանսիայի իշխանություններից ռուս պատվիրակների ստացած կարգադրագրում ասվում էր, որ նրանք չեն պատվաստվել ԵՄ-ում ճանաչված պատվաստանյութերով և ժամանում են, այսպես կոչված, կարմիր գոտուց, ուստի նրանց թույլատրվում է ազատ տեղաշարժվել միայն հյուրանոցների և ԵԽԽՎ շենքի միջև:
«Սպուտնիկ V» պատվաստանյութը, որով, ինչպես պնդվում է, պատվաստվել են ռուս պատգամավորները, ԵՄ-ում հավանության արժանացած չէ, և հետևաբար դրանով պատվաստվելը հաշվի մեջ չի մտնում: ԵՄ-ում կացության իրավունք չունեցող ռուսաստանցիների մուտքը Շենգենյան գոտու երկրների մեծ մասում, ինչպես նախկինում, դեռ փակ է կամ զգալիորեն սահմանափակված է:
Ակնկալվում է, որ նստաշրջանում կրկին կբարձրացվի ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը՝ կապված Ղրիմի բռնակցման հետ: Նիստի նախօրեին ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան կոչ է արել չճանաչել պատվիրակության լիազորությունները՝ կապված Պետդումայի վերջին ընտրությունների կեղծիքների հետ: