Արմեն Չարչյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Փաստաբանը նշեց, որ Արմեն Չարչյանը, ունենալով շաքարային դիաբետ, այս պահի դրությամբ անազատության մեջ գտնվելու պայմաններում ավելի շատ միավոր ինսուլին է ստանում, քան ստացել է ազատության մեջ գտնվելու ժամանակ:
«Այսինքն մենք ունենք առողջական վիճակի կտրուկ փոփոխություն: Այս պահի դրությամբ Արմեն Չարչյանը ստանում է 106 միավոր ինսուլին: Դա բարձր դոզա է: Բացի այդ քրեակատարողական հիմնարկում նա սրտամկանի սուր ինֆարկտ է ստացել: Երկկողմանի թոքաբորբ է զարգացել: Սա էլ զարգացել է կրկին անազատության մեջ գտնվելու ժամանակ»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Վերջինս նշեց, եթե տեղեկանքները կասկած չեն առաջացնում ո՛չ իր, ո՛չ էլ դատախազի մոտ, հետևաբար ինչու այդ նոր հիվանդության առաջացումը չպետք է Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման համար կարևոր գործոն հանդիսանան:
Էրիկ Ալեքսանյանն ակնկալում է, որ դատարանն Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցով արդար որոշում կկայացնի: