Գերմանական հեռուստաալիքը սխալմամբ ցույց է տվել Բունդեսթագի ընտրությունների «արդյունքները»՝ դրանց մեկնարկից երկու օր առաջ

Արտաքին 3 տարի առաջ - 14:59 25-09-2021

Գերմանական ARD հեռուստաալիքը պատահաբար եթերում տողով ցույց է տվել Բունդեսթագի ընտրությունների «արդյունքները»՝ դրանց մեկնարկից երկու օր առաջ: Այս մասին հայտնում է Bild պարբերականը:

Նշվում է, որ հեռուստաալիքը եթերում ցուցադրել է գրություն՝ «Բունդեսթագի ընտրությունների exit poll ժամը 17.46-ի (տեղական ժամանակով) դրությամբ»:

Եթերում հայտնված տեղեկատվության համաձայն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը «հավաքել» է ձայների 22,7%-ը, Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը «ստացել» է 22,1%-ը, Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 13,2%-ը, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը՝ 10%: Մինչ մյուս կուսակցությունների «արդյունքները» ցույց տալը, մի քանի րոպե անց տողն անհետացել է, նշում է թերթը: Միևնույն ժամանակ, չի հստակեցվում՝ այդ թվերը հիմնավո՞ր են արդյոք, թե՞ հորինված:

Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 26-ին, դրանց արդյունքներով կընտրվի երկրի նոր կանցլեր: Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը 2005 թվականից ի վեր առաջին անգամ չի ​​ղեկավարի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունը (ՔԴՄ) և չի առաջադրվի դաշնային կանցլերի պաշտոնում: