Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ասում է, որ կկատարի առաջիկայում հայրենիք վերադառնալու իր խոստումը, սակայն, ըստ նրա, իշխանափոխության համար միայն իր ներկայությունը բավարար չէ և անհրաժեշտ է վրաց ժողովրդի ակտիվությունը:
«Իհարկե, ես կանեմ այն, ինչ ասել եմ, բայց (...) եթե վրաց ժողովուրդը տեղից չշարժվի, Միշան ոչնչով չի օգնի»,- ասել է նա՝ սոցցանցերի միջոցով հերթական անգամ դիմելով իր կողմնակիցներին:
Սահակաշվիլին կրկին վստահություն է հայտնել, որ Վրաստանում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակ կստեղծվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար, ինչը, նրա կարծիքով, կհանգեցնի իշխանափոխության:
«Վրաստանում մեր աչքի առաջ ոչնչացվում է ազատությունը: Մեր նպատակն է անմիջապես դադարեցնել այս գործընթացը»,- ասել է քաղաքական գործիչը:
Ընդ որում Սահակաշվիլին, որը կարծում է, որ Վրաստանում ՏԻՄ ընտրությունները կեղծվելու են, իր կողմնակիցներին այնուամենայնիվ հորդորել է գնալ և քվեարկել:
«Բարդ կառույց է, բայց սա միակ կառույցն է, որը հաղթանակ կբերի Վրաստանին»,- ասել է նա՝ շեշտելով, որ գործելու համար մնացել է մի քանի օր:
«Ես պայքարելու եմ շատ ակտիվ: Մտադիր չեմ հաշվի առնել որևէ բան, բացի նրանից, ինչ ճիշտ է Վրաստանի համար»,- ընդգծել է Սահակաշվիլին: