Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մեկնարկեց ԱԺ քառօրյան: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ ներկայացրեց 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգում ներառված հարցերը, այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարների ստուգումներին, առաջարկեց հանդիպում կազմակերպել ԱԱԾ տնօրենի հետ և քննարկել Սյունիքում տիրող խայտառակ վիճակը:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ վերջին օրերին աշխատում է հնարավորինս ընդառաջ գնալ պատգամավորներին և չմերժել նրանց առաջարկները, ուստի քննարկումից հետո չի բացառվում, որ առաջարկը կընդունվի:
Արծվիկ Մինասյանն առաջարկեց նաև քննարկման մասնակցի դարձնել նաև դատախազության, ԱԳՆ և ՊՀ ներկայացուցիչներին. «Տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ օտարերկրյա ներկայացուցիչները ոչ միայն խոչընդոտում են ՀՀ-ում տեղաշարժ, այլև, ըստ տարածված տեղեկատվություն, գանձումներ են անում, ապօրինի պահանջներ դնում: Հետաքրքիր է պարզաբանում ստանալ նաև այն հարցի շուրջ, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն իր հայտարարություններ մեջ սկսել ադրբեջանական անվանումներ օգտագործել: Պատրաստ ենք քննարկել ցանկացած ձևաչափի մանրամասներ, ինչը թույլ կտա անհանգստացնող հարցերի պատասխանները ստանալու»:
Պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ նշեց, որ Սյունիքում ստեղծված իրավիճակն առաջնային ու հրատապ է, և այն պետք է անհապաղ քննարկվի. «Խնդրում եմ, ներկա պահին Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող մեր քաղաքացիներին ներկայացրեք վիճակը, թե արդյոք նրանց անվտանգությունն ապահովված է և ինչ գործընթացներ են առաջիկայում ծավալվելու»:
ԱԺ նախագահը նշեց, որ դեռևս տարիներ առաջ իշխանության կողմից որդեգրվել է բաց աշխատանքի ու հաղորդակցության տրամաբանությունը, ուստի կարող է ասել, որ տիրապետում է միայն պաշտոնական տեղեկատվությանը, ինչը համապատասխանում է իրականությանը:
«Երբ ասում եք բաց եք աշխատում, ապա ի՞նչ տրամաբանությամբ եք բանավոր համաձայնության գալով թշնամու հետ, մեզնից գաղտնի տարածքներ եք հանձնել: Երբ թշնամին GPS-ով եկել սահման է գծել, նոր եք խոսել հարցի մասին: Հիմա էլ թշնամին ոստիկանական կետ է տեղադրել, ինչը ենթադրաբար կրկին ձեզ հետ պայմանավորվածության արդյունքն է: Սա բաց հաղորդակցության տրամաբանության մեջ չի մտնում:
Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ ոչ մեկ ոչ մեկին ոչինչ չի հանձնել:
Արթուր Խաչատրյանի այն հարցին էլ, թե դեռևս 4 ամիս առաջ սկսված բանակցությունները ՀՀ ներխուժած ադրբեջանցիների հետ ի՞նչ փուլում են և ի՞նչ արդյունքներ կան, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ճիշտ չէ բանակցությունների մասին մանրամասներ հայտնել, քանի որ դրանք կարող են ազդեցություն ունենալ բանակցությունների ընթացքի վրա: