Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին ինքնաթիռը

Արտաքին 3 տարի առաջ - 14:07 05-09-2021

Ֆիզուլի քաղաքի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Բաքվից Ղարաբաղ առաջին փորձնական թռիչքն իրականացնող ինքնաթիռը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլիի շրջանը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի վերջին՝ հակամարտության սրացումից հետո:

1News հեռուստաալիքի տեղեկատվությամբ, Ֆիզուլիում վայրէջք է կատարել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Airbus A340-500 ուղևորատար ինքնաթիռը:

Հստակեցվում է, որ օդանավակայանում շահագործման է հանձնվել 3 հազար մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ թռիչքուղի: Այն հագեցած է վայրէջքի և նավիգացիոն համակարգերով, լուսավորության տեխնիկական, առաջնային և երկրորդային ռադիոլոկացիոն համակարգերով՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ICAO-ի բոլոր պահանջներով, ինչը թույլ կտա օդանավակայանին ընդունել ցանկացած տեսակի ինքնաթիռ: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի վերջ ավարտել ուղևորատար տերմինալի շինարարությունը: