Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Մերկելն արդեն ժամանել է Ալեքսանդրյան այգի, որտեղ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին:
Ավելի վաղ Կրեմլը բացահայտել էր Մերկելի Մոսկվա կատարած այցի մանրամասները: Հանդիպմանը փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:
Քաղաքական գործիչների բանակցությունները կսկսվեն Մոսկվայի ժամանակով 14.00-ից հետո: Սա կլինի Մերկելի վերջին ուղեւորությունը Մոսկվա որպես Գերմանիայի կանցլեր:
Նախորդ անգամ Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը դեմ առ դեմ հանդիպել էին 2020 թվականի հունվարի 19-ին Բեռլինում՝ Լիբիային նվիրված միջազգային համաժողովին:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զրույցի ընթացքում նախատեսվում է քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական հարցերի քննարկումը:
Գերմանիայի կառավարությունը պարզաբանել է, որ ամենայն հավանականությամբ իրավիճակը Աֆղանստանում կդառնա բանակցությունների կենտրոնական թեմաներից մեկը: