Շվեյցարական Բազել քաղաքում մի քանի հարյուր մարդ բողոքի ցույցի է դուրս եկել Պորտուգալիայի 32-ամյա քաղաքացի Ժոաո Պ.-ի նկատմամբ չափազանց մեղմ պատժի պատճառով, որը բռնաբարել էր տեղի 33-ամյա բնակչուհուն: Այս մասին հայտնում է Daily Mail- ը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Բազելի վերաքննիչ դատարանը մեղադրյալի ազատազրկման ժամկետը 51 ամսից կրճատել է մինչև 36 -ի, քանի որ բռնաբարությունը, դատավորի խոսքով, «տևել է ընդամենը 11 րոպե» և «համեմատաբար կարճ է եղել»: Այսպիսով, Ժոաո Պ. -ն կկարողանա բանտից դուրս գալ մի քանի օրից, քանի որ նա արդեն կրել է նշանակված գրեթե ամբողջ ժամկետը: Դատավոր Լիզելոտա Հենցը նաև նշել է, որ բռնաբարությունից առաջ տուժողը մեղադրյալին «ազդանշաններ» է ուղարկել և «կրակի հետ է խաղացել»:
Դատավոր Հենցի հայտարարությունների և պատժի մեղմացման պատճառով դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա է սկսվել։ Մոտ 500 մարդ, հիմնականում կանայք, դուրս են եկել փողոց և 11 րոպե լուռ կանգնել՝ ի համերաշխություն բռնության զոհի: Ցուցարարները պահել են՝ «11 րոպեն շատ է», «կարճաժամկետ բռնաբարություն չկա» և «դատական իշխանությունը սխալ ազդակներ է ուղարկում» կարգախոսներով պաստառներ: