Vogue USA ամսագիրը սեպտեմբերի իր համարի շապիկին հավաքել է ութ ժամանակակից մոդելների, որոնք փոխում են նորաձևության արդյունաբերությունն ու աշխարհը:
Ամսագրի նոր համարում խմբագրությունը ցույց է տվել, որ նորաձևության սահմաններն ընդլայնվում են: Նկարահանման համար հրավիրվել են տարբեր ռասաների, չափսերի և գենդերային ինքնության մոդելներ:
«Այս համարում նորաձևության նոր սերունդը ներկայացնող ութ ամերիկացի մոդելներ հանդիպում են Vogue- ի հետ՝ զրուցելու համար փոփոխվող արդյունաբերության մասին», - նշվում է ամսագրում:
Vogue-ի ընտրված մոդելների թվում են Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը, ժամանակակից ամենահայտնի մանեկենուհիներից մեկը՝ Բելլա Հադիդը, Հարավային Սուդանից փախստական Անոկա Յայը, տրանսգենդեր Արիել Նիկոլսոնը, Շերի Շին, փարթամակազմ Յումի Նուն և Պրեշես Լին, Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնին:
Ֆոտոշարքի վրա աշխատած դիզայներները համոզված են, որ նորաձևությունը հավասար իրավունքների և բացության համար պայքարի ճակատներից մեկն է: