Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հայտարարել է երկիր վերադառնալու իր մտադրության մասին: Նրա խոսքով, դա տեղի կունենա դեռևս մինչ «հանրաքվեն»: Նկատի է առնվում հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք վրացական ընդդիմությունը համարում է իշխող կուսակցության վստահության հանրաքվե:
Ինչպես գրում է SOVA-ն, իր տեսաուղերձում Սաակաշվիլին մեկնաբանել է երկրում տիրող քաղաքական իրավիճակը և «Վրացական երազանքի» որոշումը՝ միակողմանիորեն դուրս գալ, այսպես կոչված, Շառլ Միշելի համաձայնագրից՝ ճգնաժամի կարգավորման հարցով փաստաթուղթ, որը ստորագրվել է իշխանությունների և ընդդիմության մի մասի կողմից՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ:
«Երեկ Իվանիշվիլին ամբողջ աշխարհի առջև նախապես ընդունել է պարտությունը հոկտեմբերյան հանրաքվեում: Այն, ինչ նա արեց երեկ, աննախադեպ էր Վրաստանի նորագույն պատմության մեջ, և միակ զուգահեռն այն է, ինչ արեց Յանուկովիչը, երբ 2013 թվականին դուրս եկավ ԵՄ-ի հետ համաձայնագրից: Այն, ինչ կատարվեց Ուկրաինայում Յանուկովիչի և նրա հանցախմբի կողմից, բոլորը հրաշալի են հիշում»,- ասել է քաղաքական գործիչը: