Լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից օրեր առաջ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունում արված հայտարարությունները, որոնք վերաբերում են արցախյան 44-օրյա պատերազմին՝ քննվում են ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերի շրջանակներում։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Նաիրի Հոխիկյանի հրապարակած ձայնագրության հիմնական մասն ուղարկվել է ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։ Այդ գործի շրջանակում է քննվում նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ արած հայտարությունները։
Գլխավոր դատախազի խորհրդականը տեղեկացրեց, որ Շուշիի հետ կապված Հոխիկյանի դիտարկումներն ուղարկվել է ԱԱԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում ուսումնասիրելու համար․ «ԱԱԾ-ում քննվում է բավականին մեծ քրեական գործ՝ կապված Արցախյան պատերազմի ժամանակ հարավային ուղղությամբ թշնամու առաջխաղացման՝ Շուշիի մատույցներ հասնելու և ներսում կատարված գործողությունների վերաբերյալ»։
Ինչ վերաբերում է Նաիրի Հոխիկյանի կողմից երեկ՝ հուլիսի 18-ին հրապարակած տեսանյութին, որտեղ Հոխիկյանը ներկայացնում է մեսենջեր հավելվածով իր և Լապշինի զրույցը արցախյան պատերազմի վերաբերյալ՝ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այդ տեսանյութը դեռ ուսումնասիրվում է։