Էկվադորում ընդլայնվում է ուսուցիչների անժամկետ հացադուլը: Երկուշաբթի դրան է միանալու ևս երեք շրջան: Այս մասին հայտարարել է Կրթության ոլորտի աշխատակիցների ազգային միությունը:
Կոտոպակսի, Սանտո-Դոմինգոյի և Իմբաբուրայի ուսուցիչները հինգերորդ օրը միանալու են իրենց գործընկերների բողոքին: Այս պահին հացադուլին մասնակցում է 48 մարդ:
Բողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն ուսուցիչները, այլև ծնողներն ու աշակերտները: Նրանք պահանջում են նոր փոփոխություններ միջմշակութային կրթության վերաբերյալ օրենքում: Ուսուցիչները ցանկանում են, որ իրենց բազային դրույքաչափը դառնա 1000 դոլար: Այժմ այն 800 դոլար է:
Հաղորդվում է, որ հացադուլի մասնակիցներից մեկին արդեն հոսպիտալացրել են: