ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի հիմնական թեմաներից էին Ռուսաստանի հետ հարաբերությունները և «Հյուսիսային հոսք 2» գազատարի ճակատագիրը:
Նախագահ Բայդենը շեշտել է, որ իրեն անհանգստացնում է գազատարը սարքավորումներով հագեցնելու Գերմանիայի որոշումը: Ըստ նրա՝ հիմնական մասնակիցների նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու որոշումը պայմանավորված էր նրանով, որ գազատարի շինարարությունն ավարտին էր մոտենում:
Նախագահի կողմից պատժամիջոցներ չկիրառելը գրեթե միաձայն քննադատության է արժանացել ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական քաղաքական գործիչների կողմից, որոնք կարծում են, որ «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը Կրեմլին թույլ է տալու Ուկրաինային զրկել իր տարածքով բնական գազի տարանցումից ստացված եկամուտներից:
Բայդենն ասել է, որ ինքն ու Անգելա Մերկելը համակարծիք են, որ Ռուսաստանը չպետք է օգտագործի էներգառեսուրսները՝ իբրև աշխարհաքաղաքական զենք:
Անգելա Մերկելը, հիշատակելով տարաձայնությունները, մասնավորապես Չինաստանի նկատմամբ ռազմավարության վերաբերյալ, որի հետ Գերմանիան փորձում է զարգացնել առևտրային հարաբերությունները, շեշտադրում է արել նրա վրա, թե ինչն է միավորում երկու երկրին. «Մենք ընդհանուր արժեքներ ունենք, մենք ընդհանուր վճռականություն ունենք՝ դիմակայելու մեր ժամանակների մարտահրավերներին»: