Ղազախստանում որոշել են ֆիթնես սենյակով դիահերձարան կառուցել
copy image url

Ղազախստանում որոշել են ֆիթնես սենյակով դիահերձարան կառուցել

Արտաքին 3 տարի առաջ - 09:24 15-07-2021

Ղազախստանի արևմուտքում գտնվող Ուրալսկ քաղաքում նախատեսվում է կառուցել 3.5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով դիահերձարան: Համապատասխան մրցույթը հայտարարվել է շինարարության տարածաշրջանային վարչությունում, հաղորդում է ղազախական Habar 24 հեռուստաալիքը:

Նոր դիահերձարանի կառուցման վրա ծախսվելու է ավելի քան 1 միլիարդ տենգե (1 տենգեն հավասար է 1.17 ՀՀ դրամի, մոտ 173.4 միլիոն ռուբլի): Մրցույթի հաղթողը աշխատանքները պետք է ավարտի 11 ամսվա ընթացքում:

«Կառույցը նախատեսված է բուժանձնակազմի 80 աշխատակցի համար: Նրանց համար լինելու են հանգստի և հոգեբանական լիցքաթափման սենյակներ, ինչպես նաև երաժշտական կենտրոն, տնային կինոթատրոն և բազմոցներ: Աշխատակիցներն ունենալու են նաև ֆիթնես սրահներ՝ իրենց անհրաժեշտ բոլոր մարզասարքերով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում՝ շինվարչության ղեկավար Ալիբեկ Անթազիևի խոսքով, առանց ֆիթնես սրահի և հոգեբանական լիցքաթափման սենյակի նախագիծը պետական փորձաքննություն չէր անցնի:

Ամենից շատ դիտված