ՄԱԿ-ի հրապարակած «Պարենային անվտանգության և աշխարհում սննդի ոլորտներում վիճակը» զեկույցը վկայում է այն մասին, որ Հյուսիսային Կորեայում սաստկանում է սովը. երկրի բնակչության 42.4%-ը լիարժեք չի սնվում:
Տվյալներն ընդգրկում են 2018-2020 թվականները ընկած ժամանակահատվածը: Նախորդ դիտարկումների համեմատ, որոնք կատարվել են 2004-2006 թվականների միջակայքում, իրավիճակը վատթարացել է. այն ժամանակ Հյուսիսային Կորեայում քաղաքացիների 33,8%-ն էր քաղցած:
Սա վատագույն ցուցանիշն է Արևելյան Ասիայում: Հյուսիսային Կորեայում քաղցած բնակչության մասնաբաժինը գրեթե վեց անգամ գերազանցում է տարածաշրջանի միջին ցուցանիշը՝ 6,2%: Այսպես՝ Մոնղոլիայում քաղցածների թիվը կազմում է բնակչության 4,3%-ը, այլ երկրներում լիարժեք չսնվող մարդկանց թիվն ավելի քիչ է:
Փաստաթղթում հաղորդվում է նաև, որ 2020թ.-ի վերջին Հյուսիսային Կորեայում մինչև հինգ տարեկան մոտ 300 հազար երեխա մշտապես քաղցած է եղել, պարզաբանվում է, որ նրանք բոլորն ունեն զարգացման կասեցում: