Tesla Model 3-ի հետ կապված վթարի արդյունքում զոհված 15-ամյա ամերիկացի դեռահասի ընտանիքը դատի է տվել էլեկտրամեքենաների աշխարհի հսկային, հաղորդում է New York Times-ը:
Հաղորդվում է, որ 2019 թ. ամռանը Ջիովանի Մալդոնադոն իր հայրիկի հետ Ford Explorer պիկապ էր վարում, երբ անսպասելիորեն նրանց է բախվել Tesla մակնիշի ավտոմեքենան, որն ընթանում էր մոտ 70 կմ/ժ արագությամբ (միացված է եղել ավտոպիլոտ համակարգը): Ուղևորի նստատեղում նստած դեռահասն ամրագոտի չէր կապել, այդ պատճառով հարվածից դուրս է նետվել մեքենայից: Ավելի ուշ երիտասարդին գտել են մոտակայքում՝ արյան լճակի մեջ:
Ոստիկանությունը հայտնել է, որ ո՛չ Tesla-ի վարորդը և ո՛չ էլ ավտոպիլոտը չեն դանդաղեցրել արագությունը, երբ մյուս մեքենային են մոտեցել:
Մալդոնադոյի հայցը մեկն է այն մի քանի հայցադիմումներից, որոնք Tesla-ի դեմ ներկայացվել են միայն այս տարի:
Վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն տասը մարդ է զոհվել Tesla-ի մեքենաների մասնակցությամբ վթարներից, հայտնում է ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության գործակալությունը: