Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Դևյատովը բացատրել է, թե ինչու Վլադիմիր Լենինը չի վերաթաղվելու դամբարանից: Այս մասին հայտնում է mk.ru-ն:
Նա հիշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս շեշտել է, որ Լենինի վերաթաղումը կարող է հասարակության մեջ քաղաքական վեճեր առաջացնել:
«Մեր հասարակության մեջ մենք ունենք տարբեր քաղաքական հայացքներ: Դրանք երբեմն տրամագծորեն հակառակ են: Դամբարանի շուրջ ցանկացած գործողությամբ հասարակությանը պառակտելը անընդունելի է», - ասել է Դևյատովը:
Նրա խոսքով՝ 1991 թվականից դամբարանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության պահպանվող տարածքում, ուստի «դրա վերաբերյալ որոշում չի կարող կայացվել»:
Ավելի վաղ ամերիկացի նկարիչ Դեյվիդ Դատունան ասել էր, որ ցանկանում է գնել Լենինի մարմինը և կառուցել դամբարանի պատճենը Վաշինգտոնում: Նկարչի խոսքով՝ ԱՄՆ-ի բնակիչները հոգնել են «ագրեսիվ կապիտալիզմից», իսկ դամբարանը կդառնա «փոփոխության խորհրդանիշ»: